17/04/2023 20:19
ԵԱՏՄ-ն ու Հնդկաստանն ավելի ակտիվ կբանակցեն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ
ԵԱՏՄ-ն մտադիր է ակտիվացնել բանակցությունները Հնդկաստանի հետ՝ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կնքելու շուրջ, Ռուսաստանի և Հնդկաստանի գործարար շրջանակների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ, Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։
«Հատկապես կարևորում ենք մեր երկրների շուկաներ ապրանքների փոխադարձ հասանելիության հարցը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ ակնկալում ենք ակտիվացնել բանակցությունները Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ»,- ասել է նա։
Բացի այդ, Մանտուրովի խոսքով, ընթացքում է նաև ներդրումների խրախուսման և դրանց փոխադարձ պաշտպանության մասին ռուս-հնդկական համաձայնագրի ստորագրման հարցը։
Նշենք, որ Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն նախնական փորձագիտական խորհրդակցություններն ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ ավարտել են 2021 թվականի դեկտեմբերին՝ պայմանավորվելով ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններն սկսել 2022 թվականի սկզբին։