17/04/2023 18:36
«Միջադեպը չի արտահայտում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է»․ ԿԳՄՍ նախարարությունը՝ Ադրբեջանի դրոշն այրելու մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայ դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշն այրելու կապակցությամբ։
ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարությունում նշված է․
«Որպես Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը հյուրընկալող կողմ, լուրջ մտահոգությամբ ենք ընդունել ապրիլի 14-ին առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի հետ կապված միջադեպը: Միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից:
Միաժամանակ, ափսոսանքով ենք արձանագրում Ադրբեջանի թիմի՝ առաջնությունը լքելու վերաբերյալ կայացրած որոշումը և հավելում, որ անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի եղել, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի սկզբանե ապահովել է և շարունակում է ապահովել անվտանգության բոլոր չափանիշներն առաջնության մասնակից պատվիրակությունների համար: Կառավարությունը հավատարիմ էր լրացուցիչ անվտանգային միջոցառումներ ապահովելու ադրբեջանցի մարզիկների համար նախկինում իր կողմից ստանձնված պարտավորությանը: Դրա վկայությունն այն է, որ գրեթե երկու օր ադրբեջանցի մարզիկներն անվտանգ և ապահով գտնվել են Հայաստանում, իսկ առաջնությունը լքելու որոշումն ընդունելուց հետո համապատասխան ծառայություններն ապահովել են նրանց անվտանգ մեկնումը:
Այս առաջնությանը պատրաստվելիս Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է մեծածավալ աշխատանք և նշանակալի ներդրումներ: Կացության, մարզումների, մրցումների պայմանները, տեխնիկական ապահովումը, հեռուստատեսային ցուցադրությունը, նախադեպը չունեցող բացման արարողությունն ամենաբարձր գնահատականի են արժանացել մեր միջազգային գործընկերների կողմից: Բազմաթիվ արձանագրումներով՝ Հայաստանում անցկացվող Եվրոպայի այս առաջնությունն իր կազմակերպմամբ վստահորեն կարող է մրցել աշխարհի առաջնությունների կազմակերպման հետ: Համոզված եմ, որ մրցաշարի ավարտից հետո կկարողանանք արձանագրել, որ Հայաստանը կարող է հավակնել կազմակերպելու ավելի մեծ մրցաշարեր, այդ թվում՝ աշխարհի առաջնությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարարություն
Երևան, 17 ապրիլի, 2023թ.»։