17/04/2023 21:45
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Կուրիլյան կղզիներում զորավարժությունների կապակցությամբ
Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Ռուսաստանին՝ ապրիլի 18-ից 22-ը Կուրիլյան կղզիների հարավային մասում նախատեսված հրթիռային զորավարժությունների կապակցությամբ, հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«ՌԴ իշխանությունների կողմից ուղարկված ծանուցման համաձայն՝ ապրիլի 18-ից ապրիլի 22-ը Իտուրուպ կղզու տարածքում հրթիռային վարժանքներ են նախատեսվում։ Զորավարժությունների անցկացման գոտում ներառված է այն տարածքը, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը։ Մենք բողոք ենք հայտնել Ռուսաստանին, քանի որ հյուսիսային տարածքներում (Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլյան կղզիների հարավային մասը-խմբ․) ռուսական ռազմական ներկայության ամրապնդումը հակասում է մեր երկրի դիրքորոշմանը»,- ասել է պաշտոնյան։
Ռուսական կողմը բազմիցս անտեղին է որակել Տոկիոյի բողոքները՝ Կուրիլյան կղզիներում զորավարժությունների անցկացման կապակցությամբ։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ Կուրիլյան հարավային կղզիները Ռուսաստանի Դաշնության տարածքի անբաժանելի մասն են, դրանց ռուսական պատկանելությունը կասկածից վեր է։ Օրեր առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։