17/04/2023 16:31
«Մանթաշյանց» գործարարների միությունը նախատեսում է մինչև 2025 թ․ ամբողջ աշխարհում մասնաճյուղերի թիվը հասցնել 50-ի
Հանգստյան օրերին՝ ապրիլի ապրիլի 15-17-ը, Հանքավանի «Նաիրի Սպա ռեզորթում» տեղի ունեցավ «Մանթաշյանց» գործարարների միության հերթական business weekend-ը։ Նման ձևաչափով հանդիպումներ միությունն իրականացնում է յուրաքանչյուր երկու ամիսը մեկ, վերջինս մեկտեղում է կրթական բաղադրիչ, նեթվորք, ժամանց։
Բիզնես ուիքենդին ներկա էին գործարարներ Հայաստանի և արտերկրի մասնաճյուղերից։
«Մանթաշյանց» գործարարների միության հերթական business weekend-ի ժամանակ միության հիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանն ասաց, որ միությունը շարունակում է ընդլայնվել. մոտ ապագայում միությունը նախատեսում է մասնաճյուղեր բացել աշխարհի տասնյակ քաղաքներում։ Մասնավորապես, շուտով նոր մասնաճյուղեր կբացվեն Տավուշում, Սյունիքում, Թբիլիսիում, Թեհրանում, Ուկրաինայում, Դոնի Ռոստովում և Լոնդոնում։ Նշենք, որ «Մանթաշյանց»-ը մասնաճյուղեր ունի աշխարհի 9 քաղաքներում (Երևան, Արցախ, Գյումրի, Լոռի, Դուբայ, Մոսկվա, Կրասնոդար, Համբուրգ, Լոս Անջելես)։
Վահրամ Միրաքյանը տեղեկացրեց, որ մինչև 2025 թ․-ը մասնաճյուղերի թիվը նախատեսում են հասցնել 50-ի՝ ամբողջ աշխարհում։ Դա նշանակում է, որ կավելանա նաև միությանն անդամակցող գործարարների թիվը։
Նա, կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը գործարարների միջև ամուր գործարար կապեր ստեղծելու առումով, նշեց, որ մեկ հարկի տակ հավաքելով Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների հայ գործարարներին, մեկ անգամ ևս հնարավորություն են տալիս ծանոթանալ, բիզնես կապեր հաստատել միմյանց հետ։ «Բացի այդ, այս հանդիպումներն օգնում են, որ մարդիկ սկսեն իրար հետ ավելի արդյունավետ աշխատել, ավելի լավ գաղափարներ առաջ քաշել։ Բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես են մանթաշյանցիները միմյանց հետ համագործակցելու արդյունքում բազմապատկել իրենց բիզնեսի շրջանառությունը», - ասաց Վահրամ Միրաքյանը։
Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում միությունն ունեցել է 60 միջոցառում միայն Երևանում, մեկ տասնյակից ավելի կրթական ծրագրեր են իրականացրել ակումբի անդամների համար։
Վահրամ Միրաքյանը հայտնեց, որ հուլիսի 1-7-ը Հայաստանում նախատեսում են անցկացնել ամենամեծ տնտեսական համաժողովը, որին ներկա կլինեն «Մանթաշյանց» գործարարների միության մասնաճյուղերի բոլոր անդամները։
«Դա լինելու է տարվա ամենամեծ տնտեսական իրադարձությունը, որի կազմակերպման համար ջանք ու եռանդ չենք խնայելու», - ասաց նա։
Նշենք, որ «Մանթաշյանցում» յուրաքանչյուր տարի ավելի քան 650 միջոցառում է իրականացվում: Այն հնարավորություն է տալիս միության ցանկացած անդամի գտնել իրեն հետաքրքրող միջոցառումներն ու առավելագույնը օգուտ ստանալ։