17/04/2023 22:24
«Նա իր մեջ կրում էր ազգայինի, հայրենասերի, մարտիկի, կազմակերպչի, պարզապես հայի լավ տեսակը»․ 30 տարի առաջ այս օրը իր զինակիցների հետ զոհվեց Շահումյանի արծիվը` Շահեն Մեղրյանը
30 տարի առաջ այս օրը, իր զինակից ընկերների հետ, զոհվեց Շահումյանի արծիվը` Արցախի հերոս Շահեն Մեղրյանը։
Այդ կապակցությամբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Մեղրյանն այն հեռատես դեմքերից էր, ով դեռ 1988 թվականի ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից գիտակցում էր, որ առանց զենքի հային փրկություն չկա:
Ահռելի էր նրա դերը ինչպես Շահումյանի շրջանի ու տեղի հայ բնակչության պաշտպանության, այնպես էլ, առհասարակ Արցախի հյուսիսում տարվող մարտերում:
Նա իր մեջ կրում էր ազգայինի, հայրենասերի, մարտիկի, կազմակերպիչի, պարզապես հայի լավ տեսակը:
Ճիշտ է նա չհասցրեց իր գործն ամբողջությամբ ավարտին հասցնել, սակայն իր կենսագրությամբ ու գործունեությամբ սերունդներին փոխանցեց պայքարի, չհանձնվելու ու հաղթանակի հասնելու իր բանաձևը, որոնք այսօր էլ իրենց կենսունակությունը չեն կորցրել:
Հավերժ փառք հայրենիքի ազատագրման, պաշտպանության համար նահատակված մեր նահատակներին»:
Նշենք, որ Շահեն Մեղրյանը ծնվել է 1952թ․ հունվարի 2-ին՝ Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, եղել է Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս է։
Նրա մարտական ուղին սկսվել է 1988 թվականին։ Շահեն Մեղրյանն առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել ինքնապաշտպանական զինված ջոկատներ, եղել է «Եղնիկներ» ջոկատի հիմնադիրը։ Շահումյանի անկումից հետո «Եղնիկները» պարտիզանական գործոողություններ են ծավալել ու մեծապես աջակցել ազատամարտի հաղթական ավարտին։
Շահեն Մեղրյանն իր զինակիցների հետ զոհվել է 1993 թվականի ապրիլի 17-ին, երբ խոցվել է նրանց տեղափոխող ուղղաթիռը։