17/04/2023 14:17
«Ամեն մարդ մտածում է իր փչացածության չափով». Հովիկ Աղազարյանը դեռ չի պարզել, թե ով է իր անունից Facebook-ում հայհոյախառն նամակներ գրել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ չի պարզել, թե ով է իր անունից Facebook-ում հայհոյախառն նամակներ գրել։
«Դեռ չեմ պարզել, պետք է պարզեմ», - ի պատասխան լրագրողների հարցերին՝ ասաց նա։
Դիտարկմանը, թե մարդիկ վստահ են, որ այդ նամակներն ինքն է գրել՝ Աղազարյանն արձագանքեց. «Ամեն մարդ մտածում է իր փչացածության չափով»։
Պատգամավորը կարծում, որ հիմարություն է այս հարցով դիմել իրավապահ մարմիններին։
«Եթե մենք նմանատիպ հիմարություններով ծանրաբեռնենք իրավապահ մարմիններին, դա մեր հակառակորդների համար գործիք կհանդիսանա, որ մեր իրավապահ մարմիններին ծանրաբեռնենք այնքան, որ չկարողանան ուրիշ գործերով զբաղվել», - ասաց ՔՊ-ականը։
Հիշեցնենք՝ Ֆեյսբուքի օգտատերերը տարածել են Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացիների քննադատություններին ի պատասխան՝ իշխող խմբակցության պատգամավորը հայհոյանքներ հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։
Աղազարյանն ասել է, թե իր էջը կոտրել են ու ինքը չէ տարածված մեկնաբանությունների հեղինակը։