17/04/2023 14:28
Հնդկաստանում ուղիղ եթերում գնդակահարել են նախկին պատգամավորին և նրա եղբորը
Հնդկաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Աթիք Ահմեդը, որը դատապարտված էր առևանգման համար, ուղիղ եթերում գնդակահարվել է իր եղբոր հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Ուտար Պրադեշի նահանգի Պրայագրաջ քաղաքում: Ըստ CNN-ի՝ Աթիք Ահմեդը և նրա եղբայր Աշրաֆ Ահմեդը ոստիկանների ուղեկցությամբ գնում էին բժշկական հետազոտության, ինչը հեռարձակվում էր ուղիղ եթերում:
Համացանցում տարածված կադրերում հրաձիգը ոստիկանների ուսերի վրայով ատրճանակը մոտեցնում է նախկին պատգամավոր Աթիք Ահմեդի ճակատին և կրակում: Նրա եղբորը՝ Աշրաֆ Ահմեդին, նույնպես կրակում են: Երկու եղբայրներն էլ վայրկյանների ընթացքում մահանում են:
Ոստիկաններն անմիջապես ձերբակալել են սպանությունն իրականացնող երեք կասկածյալներին: Ըստ լրատվամիջոցների՝ մարդասպանները եղել են մարդկանց ամբոխի մեջ և ներկայացել որպես լրագրողներ:
Երկու եղբայրները, ենթադրաբար, ղեկավարում են տեղի հանցավոր կազմակերպություններից մեկը: Անցյալ շաբաթ ոստիկանությունը Ջհանսի քաղաքում սպանել էր Աթիք Ահմեդի որդուն, որին մեղադրում էին սպանության մեջ. գործը կապված էր Ուտար Պրադեշում գործող մաֆիայի հետ:
Երկու եղբայրների սպանությունից հետո հնարավոր խռովություններից խուսափելու համար Ուտար Պրադեշի կառավարությունն արգելել է 4 հոգուց ավելի խմբերով հավաքներն ամբողջ նահանգում: