17/04/2023 19:31
Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում կատարվել է փոփոխություն
ՆԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են․
«Արդիականացման նպատակով Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում roadpolice.am կատարվել է համալրում։
Մասնավորապես, փոփոխության արդյունքում տրանսպորտային միջոցին շահագործող կցելու նոր գործիքակազմ է ստեղծվել այն իրավաբանական անձանց համար, որոնք ունեն նոր նմուշի նույնականացման քարտ (ID card՝ առանց չիպի) և ակտիվացրել են բջջային նույնականացման քարտ (mobile ID)։
Իրավաբանական անձը բջջային նույնականացման քարտը (mobile ID) ստանալուց և ակտիվացնելուց հետո roadpolice.am հարթակից պետք է ընտրի «Իրավաբանական անձանց մուտք» -«Մուտք բջջային նույնականացման քարտով» դաշտերն ըստ հերթականության և լրացնի համակարգի կողմից պահանջվող բոլոր անհրաժեշտ տվյալները։ Տվյալների նույնականացումը հաջողությամբ ավարտվելուց հետո ընտրված հեռախոսահամարին ստացվում է մուտքի թույլտվությունը հավաստող SMS հաղորդագրություն, ապա ընդունելուց հետո կստացվի նաև մեկանգամյա կիրառվող հաստատման կոդ, որը համապատասխան դաշտում մուտքագրելուց հետո իրավաբանական անձը հնարավորություն կունենա կատարել շահագործող կցելու և կցված շահագործողին դադարեցնելու գործողությունները։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վերոնշյալ քայլերը պետք է կրկնել նույնությամբ յուրաքանչյուր նոր հաջորդող մուտքի դեպքում։
Այն իրավաբանական անձանց համար, որոնք ունեն հին նմուշի նույնականացման քարտ (ID card՝ չիպի առկայությամբ), հարթակից օգտվելու կանոնները նախկին տարբերակով են մնում»։