18/04/2023 21:03
Հրդեհված կացարանում զոհված զինծառայողների ծնողները վստահ են՝ Փաշինյանն իր հայտարարություններով ուղղորդում է գործի քննության ընթացքը, «կամ գուցե այս ամենի գլխին հենց իրենք են կանգնած»
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները դժգոհ են գործի քննության ընթացքից, ողբերգությունից 3 ամիս անց էլ ծնողների համար անհայտ է՝ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։
«Մեր վիշտն ու սուգը թողել, ընկել քննություն ենք վարում, սրան ենք հարցնում, նրան ենք հարցնում՝ ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, մի բան գտնենք, տանենք, ասեն՝ տվեք, որ ուսումնասիրենք։ Գնայիր՝ գտնեիր»,- իր վրդովմունքը հայտնեց զոհված զինծառայողներից մեկի հայրը։
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները շարունակում են երկկողմանի փակ պահել Երևան-Սևան մայրուղին, պահանջը նույնն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է գան և պատասխանեն իրենց հարցերին կամ իրենց հետ հանդիպելու հստակ օր և ժամ սահմանեն և այդ մասին տեղեկացնեն։ Զոհված զինծառայողների ծնողները նշում են՝ բողոքի ակցիայի վայրից չեն հեռանալու, մինչև հստակ պատասխան չստանան։
Նրանք վստահ են նաև, որ Նիոլ Փաշինյանն իր հայտարարություններով ուղղորդում է քննության ընթացքն ու ելքը։
«Գործը փակուղի տանելը կապված է իր արած հայտարարության հետ։ Եթե նա ասում է՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է, առանձնապես պարզելու բան չկա, ապա մենք ծնող ենք, մեզ համար պարզ չէ, թե ինչ է եղել, որովհետև իրենց ներկայացրած վարկածն աբսուրդ է։ Թող ասի՝ մեզ համար էլ պարզ լինի կամ թող հերքի իր հայտարարությունը, որ գործը տանեն ճիշտ ուղղությամբ, ճիշտ քննություն անցկացնեն։
Նա, չգիտեմ՝ ինչից ելնելով՝ պարզապես էդպես է հայտարարել, ու էս գործը գնում է փակուղի կամ գուցե այս ամենի գլխին հենց իրենք են կանգնած, դրա համար մտադրված այդ հայտարարությունն արեց, որ գործը կոնկրետ ուղղությամբ քննվի, այլ վարկածներ չքննարկվեն․․․ Իսկ եթե սխալմամբ է այդ հայտարարությունն արել, թող ասի՝ դա ընդամենը եղել է կարծիք, որ համապատասխան գործով զբաղվողներն էլ իմանան՝ որ ուղղութամբ քննեն գործը։ Նեղություն չեն էլ քաշում արդեն՝ ինչ-որ այլ ուղղությամբ քննեն գործը․ «Վարչապետն ասել է»։ Ինչի՞ց ելնելով»,- իրենց վրդովմունքն են հայտնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։