18/04/2023 15:48
Սպիտակում հիմնվել է բնական բուսական յուղերի արտադրություն (Տեսանյութ)
«Սպիտակ մանուշակ» փոքրիկ սոցիալական ձեռնարկատիրությունը Սպիտակ քաղաքում ստեղծում է բնական բուսական յուղեր: Արտադրությունում ստացել են 12 բույսերի էքստրակցիաներ՝ եղինջ, երիցուկ, վարդ, ռեհան, անգամ յասաման ու խատուտիկ, բայց որոշել են որպես հիմնական արտադրանք ունենալ լորենու, չիչխանի և մասուրի կորիզայուղերը:
«Սպիտակ մանուշակը» ստեղծվել է Սպիտակում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից, որը զբաղվում է կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությամբ: Արտադրության աշխատակիցները կանայք են, ովքեր իրավապաշտպան կազմակերպության շահառուներն են:
«Սպիտակ մանուշակը» դարձել է աշխատատեղ ու կայուն եկամտի աղբյուր. առաջիկայում ցանկանում են ընդլայնել գործունեությունը և աշխատելու հնարավորություն ստեղծել Լոռու մարզի 50-ից ավելի կանանց համար:
«Սպիտակ մանուշակն» Ակբա Ֆեդերացիայի կրթական ծրագրի շահառուներից է, որի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Impact Hub-ի էկոհամակարգի անդամ: Ծրագրի շնորհիվ սոցիալական ձեռնարկատիրությունը դասընթացներ է անցել ու խորհրդատվություններ ստացել տարբեր ոլորտների մենթորներից:
Ապագայում ապրանքատեսականին կընդլայնեն. շուկայում որպես բուսական յուղ արտադրող դիրքավորվելուց հետո կստեղծեն եթերայուղեր՝ կոսմետիկ նպատակներով:
«Ինչո՞ւ «մանուշակ»։ Փոքր լինելով մանուշակի բույրն ինչքա՜ն է տարածվում, իսկ փոքր սոցիալական ձեռնարկատիրություն լինելով՝ ունենալու ենք մեծ ազդեցություն։ Մեր նպատակն է կանանց աշխատանքով ապահովել, տնտեսապես հզորացնենք, լուծենք նրանց հացի խնդիրն ու ուզում ենք մեր քաղաքը հայտնի դառնա։ Երբ ասում են Սպիտակ, բոլորը հիշում են երկրաշարժը: Ուզում ենք գույն հաղորդել։ Որոշել ենք զբաղվել այն բույսերով, որոնք գիտության մեջ հայտնի են ու իրենց մասին գրականության մեջ շատ ինֆորմացիա կա»,- նշում է «Սպիտակ մանուշակ» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր Աշխեն Բաբայանը։
Այժմ յուղերը վաճառվում են ցուցահանդեսների ժամանակ, շուտով արտադրանքները վաճառքի կլինեն նաև դեղատներում և գեղեցկության կենտրոններում:
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: