18/04/2023 12:22
Մենք ո՞նց ենք վերաբերվում երկրի պաշտպանությանը. զինվորական միջավայրից հեռու ենք պահում այն մարդկանց, ովքեր ունակ են բեկում մտցնելու. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Գրիգորի Խաչատուրովի մասին
Մեզ մտահոգում է երկրի անվտանգությանը սպառնացող վտանգները։ Փաստացի գտնվում ենք պատերազմական իրավիճակում, երկիրն ունի անվտանգային գլոբալ խնդիրներ, այս խնդիրների հաղթահարման միակ ուղին համախմբումն է։ Իսկ ի՞նչ ենք անում մենք. բանակի ղեկավարումից, զինվորական ոլորտից հեռացվում, մեկուսացվում են մարդիկ, ովքեր այդ գործի գիտակներն են, Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամների մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր, պահեստազորի գնդապետ Միքայել Համբարձումյանը։
«Անվտանգության ծառայությունից մեկուսացվում են մարդիկ, ովքեր նույնպես այդ գործի գիտակներն են, նույնը կարող եմ ասել ոստիկանության մասին։ Սա լրջագույն խնդիր է», - ասաց Համբարձումյանը։
Անդրադառնալով մեղադրանքին՝ Համբարձումյանն ասաց, թե խոսքը 15 տարվա վաղեմության դեպքի մասին է.
«18 մլն դրամ արժեքով գույքի մասին է խոսքը։ Ինքներդ գնահատեք, արդյո՞ք սա ունի լուրջ հասարակական վտանգավորություն, թե՞ ոչ։ 2024 թվականի հունվարին լրանում է հանցագործության վաղեմության ժամկետը, եթե այն տեղի է ունեցել։ Սա ևս նվազեցնում է արարքի հասարարական վտանգավորությունը», - ասաց պահեստազորի գնդապետը։
Ինչ վերաբերում է կալանքին՝ ԱԱԾ նախկին տնօրենն ասաց, թե գեներալին, ով զինվորական միջավայրում ունի բավական բարձր հեղինակություն, կալանքի տակ պահելը օբյեկտիվ իրականությունը ճիշտ չընկալելու արդյունք է։
«Ընդամենը մեկ օրինակ բերեմ՝ Ուկրաինայում, Ռուսաստանում ինչ է տեղի ունենում․ մարդիկ երկիրը պաշտպանելու համար նույնիսկ քրեական հանցագործություններ կատարած մարդկանց կալանքից ազատում են, զենք են տալիս, ասում են՝ գնա, երկիրդ պաշտպանի։ Իսկ մենք ո՞նց ենք վերաբերվում մեր երկրի պաշտպանությանը. զինվորական միջավայրից հեռու ենք պահում այն մարդկանց, ովքեր ունակ են բեկում մտցնելու»։