18/04/2023 16:15
Հրապարակեք հայկական կողմի վերապահումը, որ մարդիկ տեսնեն՝ այդ ինչ ահասարսուռ վերապահում է, որ դավադիր իշխանությունը չի առել ու թուր-կեծակիի նման աջ ու թարս փրթում. Վարչապետն՝ ընդդիմությանը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը ձախողել է. չի ապահովել երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:
Նա Ազգային ժողովում դիմելով վարչապետ Նկոլ Փաշինյանին՝ հիշեցրեց, որ սա միայն իր տեսակետը չէ. Փաշինյանն իր ասուլիսում է ասել, որ անվտանգության մեջ ձախողել է:
Պատգամավորը հարց ուղղեց վարչապետին՝ խաղաղությունը հասե՞լ է Սյունիքի մարզի Տեղ գյուղ, հասե՞լ է այն ընտանիք, որի անդամներից մեկն օրերս, ըստ պնդումների, սպանվել է արբեջանցու կողմից:
Նա հետաքրքրվեց նաև, թե Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային ի՞նչ մեխանիզմ պետք է լինի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ եկել է խորհրդարան ոչ թե կրկնելու ակնհայտը, այլ՝ միասին պրոբլեմների ևս մեկ շերտ բացեն ու ավելի խորը հասկանան դրանք:
«Երբ ես ասում եմ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին, այդտեղ շատ լուրջ պրոբլեմներ կան, որովհետև մենք, ի վերջո, պետք է կողմնորոշվենք՝ Հայաստանի Հանրապետություն ասելով ի՞նչ նկատի ունենք ու ի՞նչ ենք նկատի ունեցել: Մենք պետք է հստակ արձանագրենք, թե որն է մեր սահմանը, որպեսզի ճիշտ գնահատենք, որովհետև հողեր կան, որ տարիներով եղել են ինչ-որ մեկի տիրապետության ներքո, հիմա մենք դա Հայաստան համարո՞ւմ ենք, թե՞ չենք համարում, իրավական բազաները կոնկրետացնելը շատ կարևոր է», - ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ այո՛, Տեղ գյուղի պրոբլեմը պրոբլեմ է, դեռ նախորդ անգամ է ԱԺ-ում խոսել այդ մասին, երբ ընդդիմությունը ներկա չէր:
«Այնտեղ կան պրոբլեմներ ու այդ պրոբլեմները կապված են և՛ որոշակի գործունեության, և՛ որոշակի անգործության հետ: Այդ երևույթները շատ անհանգստացնող են ու պրոբլեմատիկ», - նշեց նա:
Ինչ վերաբերում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմների առկայությանը՝ վարչապետն ասաց՝ դրա համար կան ամենատարբեր տարբերակները:
«Ադրբեջանն ասում է՝ «չէ միջազգային մեխանիզմ չպետք է լինի, որովհետև դա իմ ներքին գործն է»: 2017 թվականին էլ Հայաստանը ներկայացնող գլխավոր բանակցողն ասել է՝ պրոբլեմն այն է, որ Ադրբեջանն ասում է՝ «իմ ներքին գործն է»», - նշեց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ այս իրավիճակում ոչ մեկ իրավունք չունի կորցնելու ինքնատիրապետումը, սառնությունը:
«Հրապարակեք հայկական կողմի վերապահումը, որ մարդիկ տեսնեն՝ այդ ինչ ահասարսուռ վերապահում է, որ դավադիր իշխանությունը այդ վերապահումը չի առել ու թուր-կեծակիի նման աջ ու թարս չի փրթում: Հրապարակեք», - դիմելով ընդդիմությանը՝ ասաց վարչապետը: