18/04/2023 11:51
Գրիգորի Խաչատուրովի քրեական գործը կառուցված է խայտառակ փաստերի վրա, այն բացարձակ ապօրինի է. Թաթուլ Պետրոսյան
Ակնհայտ է, որ օրվա իշխանությունների համար 44-օրյա պատերազմում և դրանից հետո գործընթացներում թիրախավորված են զինվորականները։ Հանիրավի բանտերում գտնվում են մեր ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, որոնց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրված, Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամների մամուլի ասուլիսին հայտարարեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
«Եթե ճիշտ նախաքննություն, հետո դատաքննություն լինի, ապա ավազի վրա կառուցված փլուզվող տան նման այդ գործերը քանդվելու են», - ասաց Նահապետյանը։
«Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելիս քննիչը, այնուհետև դատախազը, ինչպիսի ֆանտաստիկ երևակայություններ են ունեցել, որ կարողացել են նման հիմար ձևակերպումներ օգտագործել», - ասաց «Պահեստազորի սպաների» շարժման համահիմնադիր, Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ Խաչատուրովին առաջադրված մեղադրանքն ապօրինի է, նրան ձերբակալելը, հետո կալանավորելը բացարձակ ապօրինություն է.
«Ապօրինությունների շարքն առավել զավեշտալի է դառնում նաև հետևյալ առումով, որևէ ապացույց չունենալով Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ, փորձել են ինչ-որ ապացույց ձեռք բերել։ Հարակից հողատարածքում եղել է պոմպակայանում, որտեղ աշխատում է ինչ-որ մեկ անձ, որը մեխանիկ է։ Այս մեխանիկը հայտնում է, որ ինքը լսել է, թե այդ հողատարածքը պատկանում է Գրիգորի Խաչատուրովին։ Հարցին, թե որտեղից է լսել, ասում է, թե իրեն պատմել է մեկ անձ, որն արդեն վաղուց հանգուցյալ է։ Ամբողջ քրեական գործը կառուցված է խայտառակ փաստերի վրա, որոնք փաստ համարել չի կարելի»։
Թաթուլ Պետրոսյանն ասաց, որ իրավապահ մարմինները՝ հսկող դատախազը, քննիչը, գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը պետք է հասկանան, որ իրենք քրեական պատասխանատվության են ենթարկվելու Գրիգորի Խաչատուրովին ապօրինի ձերբակալելու և կալանավորելու համար։