18/04/2023 11:56
Հույս ունեմ՝ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Մեր մեծագույն մոլորությունն այն է եղել, թե մենք խորհրդահայ պատմագիտության հենասյուների վրա կարող ենք անկախ պետական գիտակցություն ստեղծել, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը կամ հայկական պետականությունը հայրենասիրության ավանդական մոդելի առաջնային օբյեկտ երբեք չի եղել ու սոցիալ-հոգեբանական մակարդակում այս իրավիճակը պահպանվում է նաև այսօր: Պատճառը մեկն է՝ հայրենասիրության մոդելի հեղինակը մենք չենք. ժամանակն է սա խոստովանելու: Մենք առավելագույնը համահեղինակ ենք, իսկ առավել մեծ հավանականությամբ՝ սպառող», - նշեց նա:
Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ նա ասաց, թե երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա:
«Ու այդ հնարավորությունը մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ, այն բանից հետո, երբ մենք որոշեցինք արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին», - ասաց նա:
Վարչապետը հույս ունի՝ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանն ու հիմք կստեղծի հարևանային բնականոն հարաբերությունների համար: