18/04/2023 20:18
Հրդեհված կացարանում զոհված զինծառայողների ծնողները փակել են Սևան-Երևան մայրուղին, պահանջում են, որ Փաշինյանն ու Պապիկյանը գան և պատասխանեն՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ։
Ծնողների հետ է նաև նրանց շահերի պաշտպան Նորայր Նորիկյանը։
«Այսօր Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողների մասնակցությամբ դեպքի վայրում տեղի է ունեցել կարևոր քննչական գործողություն, վերադարձի ճանապարհին ծնողները որոշում են կայացրել երկկողմանի փակել Սևան-Երևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՊՆ Սուրեն Պապիկյանը հենց հիմա գան և իրենց համապատասխան պարզաբանումներ ներկայացնեն այս ոճրագործության վերաբերյալ։ Հակառակ պարագայում, եթե չեն գալու, կոնկրետ օր և ժամանակ ֆիքսեն՝ ծնողներին ընդունելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը՝ ընդգծելով՝ սա ծնողների նվազագույն պահանջն է, որը մինչ այս չի կատարվել, նրանց չեն ընդունել ու հարցերին էլ չեն պատասխանել, այդ պատճառով էլ դիմել են ծայրահեղ այս քայլին՝ իրենց վրդովմունքը, վիրավորանքը, զայրույթն արտահայտելու։
Փաստաբանը նշեց նաև, որ զոհված զինծառայողների ծնողներն ակնկալում են վարչապետից ու պաշտպանության նախարարից ստանալ պատասխան՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել Ազատ գյուղի զինվորական կացարանում, ինչու՞ պետք է ողբերգությունից 3 ամիս անց այս ծանր հանցագործությունը բացահայտված չլինի․ 3 ամիս անց էլ ծնողները չունեն ամենակարևոր հարցի պատասխանը՝ ի՞նչ է տեղի ունեցել իրականում և ինչի՞ պատճառով է 15 զինծառայող ողջ-ողջ այրվել։