18/04/2023 12:32
Խաղաղության պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմի ձևավորումը կարևոր է, հակառակ դեպքում ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել. Վարչապետ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները դրվել են կողք-կողքի, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սրանով, իրականում, արձանագրվել են իրողություններ, որոնք մենք չենք խոստովանել, բայց, անկախ մեր խոստովանությունից, դրանք գոյություն ունեն: Այս համատեքստում ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն «ա» կարգավիճակը վերանայելու հարց ես դնում, դա տեսականորեն կարող է նշանակել «ա» կարգավիճակը վերանայել, դարձնել «բ» կարգավիճակ, կամ վերանայել ու չփոխել, կամ վերանայել ու դարձնել «ա+1», «ա-1» կարգավիճակ», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ առանց ֆիքսելու «ա» կարգավիճակը՝ ապագա որևէ կարգավիճակի մասին՝ ինքնորոշման մասին, խոսք լինել չի կարող:
«Հիմա մենք սեփական ձեռքերով բանակցային, քաղաքական աշխարհաքաղաքական այս իրողությունը ստեղծել ենք, ցեմենտել ենք, բայց դրանից հետո ասել ենք՝ ԼՂ համար ցականում ենք «բ» կարգավիճակ՝ երբեք չընդունելով «ա» կարգավիճակը: Սրանով խաբել ենք ինքներս մեզ, Հայաստանի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին», - ընդգծեց նա:
Վարչապետն ասաց, թե չափազանց կարևոր է, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորվի ու այդ մեխանիզմը ապահովի ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման օրակարգի իրացումը:
«Չափազանց կարևոր է, որ խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ», - նշեց նա: