18/04/2023 12:14
Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ բարդ են, Ազգայի ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է ու մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը դարձել է էներգետիկ ու լոգիստիկ խաչմերուկ ու նրա կարևորությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ որոշ արևմտյան երկրների համար մեծացել է:
«Այս իրավիճակը, սակայն, և՛ ռիսկեր ունի, և՛ հնարավորություններ: Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունը թերևս այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է ու դրանում ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի ու Վրաստանի դերը: Այս համատեքստում տարածաշրջանի կայունութունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենուս Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, որովհետև, եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, էներգետիկ առումով դա կարող է պրոբլեմ դառնալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար», - նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ իր անկեղծ մղումն է՝ անել ամեն հնարավորը Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Նա կարծում է, թե, իսկապես, հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:
«Բայց դրա համար անհրաժեշտ է առերեսվել մի շարք խնդիրների հետ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն ու պարտավորվեն այսօր ու երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել: Իրականում, Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել ենք 2022-ին Պրահայում ու Սոչիում, այդուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ: Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ամբողջ ԽՍՀ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն», - հայտարարեց վարչապետը: