18/04/2023 20:48
Ես որդուս արյունը չեմ վաճառում․ Աստղ Գալեյան
«Հատուկ այն օրերին, որ մենք պահանջատեր էինք մեր գործի համար, իշխանությունը փորձեց խառնաշփոթ սարքել, իրենց համակիրների համար այդ սուտը ականջ շոյող էր, բայց կային մարդիկ, որ շատ լավ գիտակցում էին, թե ինչ է կատարվում, և չհավատացին ստին»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Civic.am-ի տարածած տեղեկությանը, թե զոհվածների՝ «Որդիների կանչ» կազմակերպության անդամ ծնողները Ռոբերտ Քոչարյանից բնակարան և գումար են ստացել, ասել է անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։
Մխիթար Գալեյանի մայրը ընդգծել է, որ իրենց հարազատներին մարդիկ հարցեր են ուղղել, տարակուսել են, որ նման բան կարող է տեղի ունենալ․
«Իհարկե ոչ, հնարավոր չէ, որ քո երեխու արյունը ծախես ինչ-որ գումարով կամ բնակարանով։ Փառք Աստծո, գումար էլ ունենք, բնակարան էլ։ Մեր ինչի՞ն է պետք երկրորդ բնակարանը, եթե հիմա մեկ որդի ունեմ, ու մեր բնակարանը իմ տղայինն է։ Այս ամենը նպատակ ուներ սևացնել ծնողներին և փորձել մեզ շեղել մեր հիմնական օրակարգից»։
Աստղ Գալեյանը ասել է, որ ծնողները չեն պատրաստվում լռել և պայքարելու են, որ արդարությունը հաղթի։
Անդրադառնալով ՔԿ-ի մոտ տեղի ունեցած 24-ժամյա ակցիային և այն հանգամանքին, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը այդպես էլ չհանդիպեց իրենց հետ, զոհված զինծառայողի ծնող Աստղ Գալեյանն ասել է․ «Աշխատանքային օր էր, և մենք մինչև երեքը այնտեղ էինք։ Հետո ես հեռուստացույցով տեսա, որ Եվրոպայի խաղերի բացմանն է նստած»։
Աստղ Գալեյանը հայտնել է,որ առաջիկայում ավելի կտրուկ քայլերին են դիմելու․ «Մեր իրավական համակարգը ոչ մի բանի պետք չէ, որովհետև ծառայում է իշխանությանը։ Արդեն համոզված եմ, որ չեն բացահայտի բերետավորների գործը, և մինչև այս իշխանությունը չհեռանա, ոչ մեկը պատասխան չի տալու»,- ընդծել է նա։