18/04/2023 22:16
Անգլիայի հիվանդանոցներում վերջին 4 տարում գրանցվել է բռնաբարության և սեռական ոտնձգության ավելի քան 6,5 հազար դեպք․ Զեկույց
Անգլիայի և Ուելսի հիվանդանոցներում վերջին 4 տարում գրանցվել է բռնաբարության և սեռական ոտնձգության ավելի քան 6,5 հազար դեպք, նշված է «Women's Rights Network» ՀԿ զեկույցում, որը կազմվել է ոստիկանական 35 բաժանմունքից ստացված տվյալների հիման վրա։ Ընդ որում, ոստիկանական ևս 8 բաժանմունք հրաժարվել են պահանջված տեղեկատվությունը տրամադրել կազմակերպությանը։
Համաձայն բրիտանական հասարակական կազմակերպության իրականացրած ուսումնասիրության, 2019 թվականից Անգլիայի և Ուելսի հիվանդանոցներից բռնաբարության՝ 2 088 և սեռական ոտնձգության՝ 4 451 ահազանգ է ստացվել, յուրաքանչյուր 7-րդ դեպքը տեղի է ունեցել հիվանդասենյակում։ Որոշ դեպքերում սեռական բռնության ենթարկվողները անչափահաս աղջիկներ են եղել՝ մինչև 13 տարեկան, իսկ նմանատիպ հանցագործությունների զոհերը, ճնշող մեծամասնությամբ, կանայք են, սեռական բռնության ենթարկվածների միայն 5 տոկոսն են տղամարդիկ։
«Women's Rights Network»-ի զեկույցի համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ Բրիտանիայի բոլոր բժշկական կենտրոնները հագեցած են տեսանկարահանող սարքերով, հետաքննվող հանցագործությունների միայն 4,1%-ն է ավարտվում դատավճռով կամ հարցաքննությամբ։
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը հասարակական կազմակերպության զեկույցում արձանագրված փաստերի առնչությամբ հայտարարել է, որ տեղի ունեցածն անթույլատրելի և անընդունելի է, ինչպես նաև կոչ է արել հիվանդանոցների անձնակազմերին ու հիվանդներին՝ նման դեպքերի մասին անմիջապես ահազանգել և հաղորդում ներկայացնել։