18/04/2023 19:53
Գրիգորի Խաչատուրովը ծառայել է բացառապես հայկական պետության շահերին, մեր տարածքային ամբողջականությանը․ Որպես հետևանք՝ նրան հեռացրել են 3-րդ բանակային կորպուսից, իսկ հետո՝ շինծու գործով կալանավորել
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր հեղինակային «Կարևոր զրույց» հաղորդման ընթացքում անդրադարձել է Կառավարության ծրագրի արդյունքների քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններին, ըստ որոնց տարածաշրջանում խաղաղություն կլինի այն դեպքում, եթե հայերը որոշեն և ընդունեն, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրից բացի, այլ տարածքների չեն հավակնելու և որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ նոր կոմպրոմիսների մասին ակնարկելով՝ Փաշինյանը, ինչպես նշել է քաղաքագետը, նկատի է ունեցել Ադրբեջանի կողմից անկալավային համարվող՝ Տավուշի մարզի գյուղերը, որոնք նույնպես Ադրբեջանը տեսնում է իր կազմում, ինչով, սակայն, Հայաստանը կկապիտուլացվի։
Քաղաքագետն ընդգծել է՝ Փաշինյանը միևնույն ժամանակ ձգտում է կոտրել Հայաստանում այս ամենին հնարավոր դիմադրության օջախները․ «Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը 3-րդ բանակային կորպուսի լեգենդար հրամանատարն էր, որը կարողացել է 2020 թվականի ամռանն իսկական ջարդ կազմակերպել թուրքերի համար՝ Տավուշի հատվածում։ Պատերազմից հետո Խաչատուրովը չի ենթարկվել այս իշխանությունների կամքին և շարունակել է ծառայել բացառապես հայկական պետության շահերին և մեր տարածքային ամբողջականությանը։ Որպես հետևանք՝ նա սկզբից պաշտոնազրկվել է, այսինքն՝ նրան հեռացրել են 3-րդ բանակային կորպուսից, իսկ հետո նաև շինծու գործով կալանավորել։ Եվ հիմա, երբ այս երկու իրողություններն իրար կողքի ես դնում, ամեն ինչ պարզ է դառնում․ Նիկոլ Փաշինյանը մի կողմից տարածքներ է հանձնում թշնամուն, մյուս կողմից՝ ձերբակալում բոլոր այն ուժերին, որոնք իսկապես արտահայտում են պետության ու ժողովրդի շահերը։ Սրանք զուգահեռ գործընթացներ են»,- ընդգծել է Մելիք-Շահնազարյանը։
Այստեղ, նրա խոսքով, խնդիրը մեր հանրության վարքագծի մեջ է․ «Արդյոք թույլ կտա՞նք, որ երկիրը շարունակ, կտոր-կտոր հանձնվի թշնամուն և արդյոք թույլ կտա՞նք, որ մեր հիմնասյուները, մեր գեներալները, մեզ հաղթանակ պարգևած զինվորականները մնան բանտերում։ Այդ ընտրությունից է կախված, թե վաղն ինչ երկրում ենք ապրելու»։