18/04/2023 19:21
Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու դեպքով իրավապահները վարույթ չեն նախաձեռնել. խուլիգանություն և պաշտոնեական լիազորությունների չարաշահում չեն տեսնում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու դեպքով իրավապահները խուլիգանություն և պաշտոնեական լիազորությունների չարաշահում «չեն տեսնում»։
Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով:
«Մասնավորապես, քաղաքացու դեմքին ենթադրաբար (չհերքված) թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել խուլիգանության (2021 թ. Քրեական օրենսգրքի 297-րդ) հոդվածով:
Իսկ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու մասով) ակնկալում ենք քրեական վարույթի նախաձեռնում պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման (ՔՕ հոդված 441) կամ ազատությունից ապօրինի զրկելու (ՔՕ հոդված 192) փաստի առթիվ»,- հայտնել էր ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Դատախազությունը ներկայացված հաղորդումն ուղարկել էր ՔԿ, որտեղ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն։
«Հաղորդման մեջ նշված հանգամանքները ուսումանսիրվել են և գնահատվել է, որ բավարար հիմքեր չկան քրեական վարույթ նախաձեռնելու ու կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն»,- նշել են ՔԿ-ից։