18/04/2023 09:57
«Ժողովուրդ». Նախկին դատավոր Գագիկ Խանդանյանի որդին իտալահայ քաղաքացուց 214 հազար դոլար գումար է վերցրել և հետ չի վերադարձնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել իտալահայ Գևորգ Օրֆելյանը: Նա պատմել է, որ տևական ժամանակ է, ինչ կանգնել է խնդրի առաջ:
Նախկին դատավոր Գագիկ Խանդանյանի որդին՝ Վահագն Խանդանյանը, իտալահայ քաղաքացու խոսքերով, իրենից մոտ 214 հազար դոլար գումար է վերցրել և հետ չի վերադարձնում, ինչի պատճառով Գևորգ Օրֆելյանը դիմել է դատարան. «Շատ լավ ընկերներ ունեմ Հայաստանում, և ինձ ներկայացուցրած են Վահագն Խանդանյանի հետ: Վահագն Խանդանյանը դատավորներու ընտանիք ունի, նրա պապան և եղբայրը դատավորներ են, և խաբված եմ զգում, որովհետե այս պարոն Խանդանյանը շատ մեծ փողեր է ուզել, ես իրեն տվել եմ՝ իմանալով, որ իմ լավ ախպերս է, բայց մի կոպեկ հետ չի վերադարձրել: Ես Վահագին փողը տվել եմ, քանի որ ունի հայր մը, որին ես շատ հարգում էի, ու այդպես ինձ ուզել է խաբել: Քանի անգամ զանգել եմ իրեն, չի պատասխանել, և ես դատարան եմ դիմել: Ինչ կլինի հետո՝ չեմ կարող ասել»:
Նշենք, որ Վահագն Խանդանյանի եղբայրն այժմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանն է, իսկ հայրը Գագիկ Խանդանյանն է, որի լիազորությունները դադարեցված են, և մինչ օրս նա բողոքարկումների գործընթացում է»։