18/04/2023 14:12
«Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը». Փաշինյանը բացահայտեց պատերազմի օրերին իր ու ազգականի զրույցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին խոսեց 5-րդ շարասյան մասին՝ հայտարարելով, որ այս պահի դրությամբ ավելի քան 53 անձ պետական դավաճանության գործով է անցնում:
«Ի՞նչ է պետական դավաճանությունը, որ մարդիկ փողի դիմաց իրենց դիրքերի տեղերը փոխանցել են հակառակորդին», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պատերազմի ժամանակ իր ազգականներից մեկը եկել է իր աշխատասենյակ ու ասել՝ բարձրաստիճան սպաներից մեկը զորքի մեջ խուճապ է տարածում, ասում է․«Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը»:
«Ես իմ ազգականին դուրս եմ արել սենյակից, ասել եմ՝ «դու եկել ես ՀՀ բանակի, սպայի մասին ինձ բա՞ն ես ասում»: Վերջերս էլ լրիվ պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ առիթով քրեական գործ է հարուցվել ու այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի», - նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ այս իրավիճակով պայմանավորված՝ դատաիրավական համակարգում գործընթացները դանդաղ են գնում, բայց գնում են:
«Մեր նպատակն անկախ դատական համակարգ ունենալն է, ու սրա մեջ բացարձակ ձև, կեղծավորություն չկա: Իմ գնահատականն այն է, որ մենք շարժվում ենք դեպի դա, ընդ որում՝ ցավոտ կերպով, որովհետև ժողովուրդն ասում է՝ «չհասկացա՝ փոխանակ թոշակ բարձրացնեք, դատավորի աշխատավարձ եք բարձրացնո՞ւմ»: Բայց իմ համոզմունքը եղել է ու շարունակում է մնալ հետևյալը՝ մենք դատավորների աշխատավարձը բարձրացնում ենք հանուն քաղաքացիների», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահեցրեց՝ անկեղծ շարունակում են պայքարը կոռուպցիայի դեմ:
«Որևէ կասկած չկա հակակոռուպցիոն քաղաքականությանը մեր նվիրվածության վերաբերյալ», - հավելեց Փաշինյանը: