18/04/2023 13:54
Մադրիդյան սկզբունքներով մենք ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի մաս. պետք է առերեսվել այս իրողության հետ. Նիկոլ Փաշինյան
2018 թվականի առկա բանակցային ժառանգության մեջ ԼՂ ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կա ԼՂ ամբողջ բնակչություն հասկացություն, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե ասում ենք ինքնորոշում, ումից ու որտեղից ենք ինքնորոշվում, օրինակ՝ ինչո՞ւ չենք ասում Հայաստանն ինքնորոշվի, որովհետև Հայաստանն ինքնորոշվել է 1991թվականին Ալմաթայի հռչակագրով», - նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ հայկական կոնցեպտ է եղել՝ Լեռնային Ղարաբաղն էլ Հայաստանի, Ադրբեջանի ու մյուսների նման ինքնորոշվում է Խորհրդային Միությունից:
«Եղել է թեզ, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում ու դա եղել է հայկական կոնսենսուսային դիրքորոշում: 2007 թվականին ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվել է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումն ու ողջ գործընթացը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ. ինչո՞ւ պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ, եթե մենք ԼՂ-ն չենք ճանաչում Ադրբեջանի մաս: Մադրիդյան սկզբունքներով մենք ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի մաս ու ողջ պատերազմները դրա հետ են կապված եղել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ պետք է առերեսվել այս իրողության հետ: