18/04/2023 15:36
Ինձ արժե դատել, որ չեմ եկել ու ասել՝ այս խաղն ավարտված խաղ է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, թե նախորդ երեք իշխանությունների ժամանակ բանակցված ցանկացած փաստաթուղթ, եթե կյանքի կոչվեր, շատ ավելի լավն էր լինելու, քան կա գործող իշխանության կառավարման արդյունքում:
«Դուք ասացիք, որ իմ բանակցած փաստաթղթի մասին բան չեմ ասել, շատ ճիշտ եք ասում, որովհետև ես չեմ հասցրել բանակցել, ես բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին: 2019 թվականի ամռանը սեղանին դրված փաստաթուղթը ինձնից առաջ բանակցությունների արդյունքների ամփոփումն է և այն իրավիճակի ամփոփումն է, երբ Սերժ Սարգսյանն էլի այս ամբիոնից հայտնի հայտարարությունն արեց», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե ինքնորոշման հետ կապված իր վերաբերմունքը հենց սկզբից է փոխվել:
Վարչապետը հայտարարեց, թե 2019 թվականի մարտին ԼՂ և ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ինքն ասել է նույն բանը, ինչ հիմա է ասում:
«Այն ժամանակ այլ տրամաբանությամբ, պարզ է՝ այլ բառապաշարով եմ ասել: Եվ այն ժամանակ է, որ ինքնորոշման իրավունքի նկատմամբ իմ վերաբերմունքը ոչ թե փոխվել է, այլ ես կարդացել, տեսել եմ, թե դա ինչի մասին է: Ինքնորոշման իրավունքի այն կոնցեպտը, որը դրված է եղել 2007 թվականին, այն է, որ մինչև ԼՂ-ն չճանաչվի Ադրբեջանի մաս, ինքնորոշման իրավունքը չի կարող իրացվել հենց ձեր ձեռք բերած պայմանավորվածություններով», - ասաց Փաշինյանը:
Խամոյանն էլ հիշեցրեց՝ Փաշինյանն ինքն է 2019-ին հայտարարել, որ բանակցությունները սկսել է սեփական զորայական կետից: Ըստ պատգամավորի՝ պատերազմից հետո է միայն պարզվել, որ 2019-ին բանակցությունների սեղանին փաստաթուղթ է եղել, թաքցվել են բանակցային գործընթացի նրբությունները:
Վարչապետը, անդրադառնալով զրոյական կետի վերաբերյալ դիտարկմանը՝ ասաց, որ այդ նույն ելույթում 2019 թվականի մարտին հրապարակային է առաջարկել հասկանալ, թե Մադրիդյան սկզբունքներն ի՞նչ են, այս սկզբունքներով ԼՂ-ն կարո՞ղ է ինքնորոշվել, կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում:
«Սրա մասին հրապարակային էլ եմ խոսել, որից հետո ստացել եմ պատասխան՝ այո՛, եթե Ադրբեջանը համաձայնվի: Սա է զրոյական կետը», - ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ իր սխալն այն է, որ ինքն այն ժամանակ պետք է այդ բանակցային թղթերը ցույց տար, ասեր, որ հասել են այդ կետին, տարբերակ չունեն:
«Այ դրա համար ինձ արժե դատել, որ չեմ եկել, ասել, որ այս խաղն ավարտված խաղ է: Այ դա իմ սխալն է», - ասաց Փաշինյանը: