18/04/2023 18:26
«Արցախի բռնազավթված տարածքների պատմամշակութային ժառանգությունն անպաշտպան է»․ Ստեփանակերտում քննարկում է կազմակերպվել
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել է «Հայկական մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման թուրք-ադրբեջական քաղաքականությունը» խորագրով քննարկում-ասուլիս, հայտնում է «Արցախպրես»-ը։
Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը փաստել է, որ հայկական մշակութային ժառանգության յուրացումն և ոչնչացումը հանդիսանում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մասը:
«Արհեստածին այս երկու պետությունների կազմավորումից ի վեր՝ ավերվել կամ յուրացվել է մի քանի տասնայկ հազարից ավելի հայկական մշակութային ժառանգություն: Համաշխարհային արժեք ներկայացնող հազարավոր ձեռագործ գորգեր, քանդակներ, զարդեր և այլ մշակութային արժեքներ ներկայացվում են որպես թուրքական ու ադրբեջանական: Պատմաճարտարապետական բազմաթիվ կոթողների բեկորներ օգտագործում են շինարարական նպատակով: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որպես աղվանական է ներկայացնում Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում գտնվող բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, մասնավորապես՝ Ծիծեռնավանքը, Հադրութի շրջանի Ծակուռի եկեղեցին, Վանք գյուղի Սպիտակ խաչ վանքը, Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին, Դադիվանքի վանական համալիրը, Սուրբ Խաչ եկեղեցին Գոշավանքը և այլն»,- փաստել է Հովիկ Ավանեսովը։
«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն ընդգծել է՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող բավականին թվով հուշարձաններ ամենօրյա վտանգի տակ են։
«Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում՝ կապված այդ հուշարձանների ավերման, բռնի յուրացման, օտարման հետ: Այն հուշարձանները, որոնց ոչնչացումը կարող է իրենց համար գլխացավանք լինել, օտարվում են երկու ձևով՝ աղվանականացման և ուղղափառացման։ Մեր պատմամշակութային ժառանգությունն առավել անպաշտպան է, որովհետև հասանելիություն չունենք դրանց և չենք կարողանում գրանցել, արձանագրել այն խախտումները, որոնք անթույլատրելի են միջազգային կոնվենցիաներով»,-ասել է Արմինե Հայրապետյանը։
Մամուլի ասուլիսի ընթացքում ցուցադրվել է Արցախի բռնազավթված տարածքներում ադրբեջանցիների կողմից հուշարձանների վանդալիզմի տեսանյութեր։