18/04/2023 10:29
«Հրապարակ». Ինչո՞ւ են որոշել մասնակցել Փաշինյանի ներկայությամբ այսօրվա նիստին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով: Նա ներկայացնելու է «Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։ Քննարկմանը մասնակցելու է նաև խորհրդարանական ընդդիմությունը, որը տևական ժամանակ է՝ բոյկոտել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ֆորմատը, որին մշտապես մասնակցում է Փաշինյանը։ Ընդդիմադիրները Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության անդամների հետ հրաժարվեցին առերեսվել անցած տարվա մարտի 23-ի հարցուպատասխանից հետո, երբ ՀՀ վարչապետը սկանդալային հայտարարություն արեց, թե այսուհետ մատ թափ տալով կխոսի նրանց հետ, ովքեր կհամարձակվեն իրեն մեղադրել Արցախը հանձնելու մեջ։
Հետո էլ սպառնաց, թե` «մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», և ընդդիմությունը՝ վրդովված, լքեց նիստերի դահլիճը։ Այնուհետև փողոցում ակտիվացավ Դիմադրության շարժումը, և մինչև աշուն ընդդիմադիրները խորհրդարան չգնացին, իսկ հոկտեմբերին վերադարձան, բայց որոշեցին չմասնակցել կառավարության հետ հարցուպատասխաններին։ Ինչո՞ւ են որոշել մասնակցել Փաշինյանի ներկայությամբ այսօրվա նիստին։
Երեկ մեր հարցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Որովհետև ծրագրի կատարողականի մասին հաշվետվությունը ներկայացվում է տարեկան մեկ անգամ»։ Ակնհայտ է, որ ընդդիմադիրները տեղի են տալիս հանրության քննադատություններին, որ ո՛չ փողոցում են ակտիվ, ո՛չ խորհրդարանում են Նիկոլի ստերը բռնում, թողնում են, որ իշխանությունն ինչ ուզի՝ անի, ինչ ուզի՝ ասի»։