18/04/2023 11:41
Խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը հստակ արձանագրի՝ որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունի. Վարչապետ (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ մարդիկ հավատացել են իրենց կառավարության որդեգրած խաղաղության օրակարագին:
«Մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է, իրենք հավատում են՝ իրենց հայրենիքում երջանիկ ապրելու ու արարելու հնարավորություն են ունենալու: Մարդիկ հավատում են կառավարող կուսակցության «Ապագա կա» կարգախոսին», - ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ իրենք բացառիկ պատասխանատու են բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր հավատում են Հայաստանի ապագային:
«Պիտի ընդգծեմ նաև մեր բացառիկ պատասխանատվությունը բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կասկածով են վերաբերվում ապագային ու այդ պատասխանատվությունը պատմական այս ժամանակաշրջանում ունի ու կարող է ունենալ մեկ արտահայտություն՝ դա խաղաղությունն է, ինչը նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ մեր բոլոր չորս հարևանների հետ», - ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ հարցերի հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է դա իրատեսական, իրագործելի, որքանո՞վ է Ադրբեջանի գործողություններն ու քաղաքականությունը միտված խաղաղությանը:
«Մեզ հայտնի շատ ուժերի առանցքային նպատակն է այնպես անել, որ մենք կորցնենք քաղաքացիների հետ մեր զրույցի, մեր խոսակցության թելը, փակվենք մեր կաբինետներում, կառավարական շենքերում ու կորցնենք էմոցիոնալ ու քաղաքական կապը ՀՀ քաղաքացիների հետ: Մենք նման բան թույլ չպետք է տանք. երբ տուն առ տուն, գյուղ առ գյուղ քաղաք առ քաղաք մարդկանց բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ, նրանք մեզ կհասկանան, նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը միջազգային բոլոր հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար հստակ արձանագրի, որ Հայաստան է ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը ու որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունի: