18/04/2023 10:32
«Ժողովուրդ». Երևանում տարեկան 700 վերելակ փոխարինվելու մասին վարչապետի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Երևանի բազմաբնակարան շենքերում տարեկան 700 վերելակ է փոխարինվելու։
Նկատենք, որ այսպիսի տեղեկատվություն նոյեմբերին հայտարարել էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Սակայն, նկատենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 14-ի կառավարության նիստում տեղեկացրեց, որ 2023-ին ծրագրվում է փոխարինել 100 վերելակ համայնքային բյուջեով ու ևս 473 վերելակ՝ կառավարության ֆինանսավորմամբ։
Միևնույն ժամանակ «Սիվիլնեթ»-ը նկատում է, որ այժմ քաղաքապետարանի կայքում տեղադրված է միայն 500 վերելակի ձեռք բերման մրցույթ։ Ստացվում է, որ վարչապետի հայտարարությունը, թե՝ «մենք Երևանում դուրս ենք եկել տարեկան 700 վերելակ փոխելու տեմպի վրա», չի համապատասխանում իրականությանը։ Փաստացի խոստացված 700 վերելակից այժմ պլանավորվում է տեղադրել 573-ը, սակայն մրցույթ հայտարարված է միայն 500-ի մասով»։