18/04/2023 14:49
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է՝ քննիչ հանձնաժողովում իր հարցաքննությունը լինի հրապարակային. պատմելու է՝ ինչու 2020-ի հոկտեմբերի 19-ին թուղթ չստորագրեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
Նա հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարց է ուղղել՝ «իսկ ընդդիմությունը կգա՞»:
«Ասել է՝ հնարավոր է՝ չգան, ասում եմ՝ մարդիկ կասեն գնացին, ընդդիմությունը չեկավ, իրենք-իրենցով նստեցին, խոսեցին, ջան ասեցին, ջան լսեցին, թողեցին, գնացին», - Ազգային ժողովում ասաց վարչապետը:
Նա ասաց, թե ՔՊ խմբակցության հետ քննարկել են՝ գուցե ձև գտնեն, որ գոնե իր հարցաքննությունը քննիչ հանձնաժողովում լինի հրապարակային:
«Այստեղ ԱԳՆ-ն իր պրոբլեմներն է բարձրացնում, ՆԳՆ-ն՝ իր, և այլն: Ես հիմա մտածում եմ՝ եկա, քննիչ հանձնաժողովում խոսեցի, այդ խոսացածը հույժ գաղտնի կնիքով կնքեցին, դրեցինք «սեյֆը», մարդիկ ասելու են՝ էլի տարան, ծածկադմփոց արին», - նշեց վարչապետը:
Նա հիշեցրեց հայտնի խոսակցությունը, թե «Շուշին հայկական լինելու պարագայում հոկտեմբերի 19-ին վարչապետը հնարավորություն ուներ…, և այլն, և այլն»:
«Ես հիմա նայում եմ արձանագրությունները, թե ինչ դիրքորոշումներ եմ արտահայտել այն ժամանակ ու ես այն ժամանակ ճշգրիտ նկարագրել եմ Լաչինի միջանցքի՝ դեկտեմբերից ստեղծված վիճակը, կարող եմ ապացուցել, բայց դա չի եղել վերջնական պատճառը այդ օրը (նկատի ունի հոկտեմբերի 19-ը-հեղ.) որևէ թուղթ չստորագրելու: Ես քննիչ հանձնաժողովում կասեմ՝ նաև որն է եղել դրա պատճառը, հույս ունեմ՝ կգանք այն եզրակացության, որ ես դա պետք է հրապարակային ասեմ», - հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ոչ մեկ չի կարող իրեն ավելի շատ մեղադրել, որքան ինքն է իրեն մեղադրում:
«Մեզ մեղադրեք ճիշտ, ինչում որ մեղավոր ենք, որովհետև, եթե մեզ մեղադրում եք մի բանում, ինչում մեղավոր չենք, մենք ձեզ ենք մեղադրում, որովհետև իրական մեղավորը դուք եք, մենք չենք», - ասաց վարչապետը՝ նկատի ունենալով ընդդիմությանը: