18/04/2023 10:02
«Փաստ». Հանձնարարվել է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում ուսումնասիրել ՀՀ-ում գործող կուսակցությունների ֆինանսական աղբյուրները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում իշխանությունները նոր ոգևորությամբ ու «էնտուզիազմով» են տեղեկատվական դաշտ բերելու ապօրինի գույքի բռնագանձման թեման։ Հանրային տրամադրությունների վրա ազդեցության տեսանկյունից բավական «շահեկան» այս թեման «գովազդելու» առաջադրանքը դրված է իշխանություններին ծառայող, արևմուտքից սնվող սատելիտների վրա, իսկ համապատասխան մարմինները կփորձեն նորանոր «նյութեր» տալ դրա համար:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, որպեսզի պատկերն ավելի համոզիչ, ավելի փիառային տեսք ստանա, օրերս նոր ցուցում է իջեցվել, ի մասնավորի՝ հանձնարարվել է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնել ՀՀ-ում գործող կուսակցությունների ֆինանսական աղբյուրների ուսումնասիրությանը։
Նույն աղբյուրները փոխանցում են, որ համապատասխան կառույցում առանձին խումբ է ստեղծված, որի բուն պարտականությունը կուսակցությունների ֆինանսական հոսքերի ուսումնասիրությունն է։ Ի դեպ, մենք տեղեկություն ունենք, որ առավել մեծ ուշադրության են արժանանալու արտերկրից եկող դրամական միջոցները»։