19/04/2023 22:25
Ջրի օպտիմալ ջերմաստիճանը լոգանք ընդունելիս. Չափազանց տաք ջուրը մաշկի առաջին թշնամին է
Շատերի համար լոգանքն ամենօրյա գործընթաց է, հիգիենայի անբաժանելի մաս, բայց արդյոք լողանալիս կարևորվո՞ւմ է ջրի ճիշտ ջերմաստիճանը։
Սովորաբար մարդիկ չեն մտածում, թե լոգանքի համար ջրի որ ջերմաստիճանն է օպիտմալ համարվում: Ի վերջո, ամեն մեկն ընտրում է իր օրգանիզմին հարմար տաքություն: Բայց պարզվում է՝ խնդրի հետ կապված հետազոտություն է իրականացվել, որի արդյունքում մասնագետները եկել են եզրահանգման, որ լոգանքի համար ջրի լավագույն ջերմաստիճանը 36-37 °C-ն է, ինչը համապատասխանում է առողջ օրգանիզմի ստանդարտ ջերմաստիճանին:
Տաք է համարվում 37-40 °C ջուրը, 40 °C-ից բարձրն արդեն շատ տաք է: Եվ հենց շատ տաք ջուրն է համարվում վնասակար օրգանիզմի համար: Առաջին հերթին դա վերաբերվում է մաշկին, քանի որ շատ տաք ջուրը վնասում է մաշկի հիդրոլիպիդային պաշտպանիչ շերտը:
Շատ տաք ջուրը վատ է անդրադառնում նաև սրտի վրա: Դրա հետևանքով կարող են առաջանալ սրտի ռիթմի խանգարումներ, ճնշման բարձրացում:
37 °C ջրի պայմաններում մարդն իրեն լավ է զգում, արյունատար անոթները չեն սեղմվում կամ լայնանում, արյան շրջանառությունը չի խանգարվում:
Կարծիք կա նաև, որ բարձր ջերմություն ունենալու ժամանակ տաք ցնցուղի տակ կանգնելը հակացուցված է: Մասնավորապես, եթե ջերմությունը հասնում է 38-38,5 °C-ի, ապա ջրային պրոցեդուրաները ցանկալի չեն, քանի որ կարող է տեղի ունենալ ջերմակարգավորման խանգարում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։