19/04/2023 11:00
Փաշինյանին դատելու առիթներ շատ կան․ Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Փաշինյանին դատելու առիթներ, կարծում եմ, շատ կան, և այդ հարցով մի օր անպայման արդարադատություն կիրականացվի։ Այդ մասին 168.am-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությանը, թե իրեն կարելի է դատել մեկ բանի համար, որ ինքը դեռ 2018-ին չի ասել, որ «խաղն ավարտված է»։
Նրա խոսքով՝ Փաշինյանի ասածները հակասում են իրար։
«Ասում է՝ իրավունք չունեմ բանակցելու Արցախի ժողովրդի անունից, բա նոյեմբերի 9- ին ո՞նց Արցախի ժողովրդի անունից ստորագրեցիր այդ խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը, կամ հետո բանավոր պայմանավորվածությամբ ո՞նց տվեցիր այն տարածքները թշնամուն, որոնք, ըստ նոյեմբերի 9-ի այդ նույն հայտարարության, մեր տիրապետության տակ էին։ Սյունիքի սահմաններից առնվազն 60-70 կմ հեռավորության վրա են եղել ադրբեջանցիները։ Քարվաճառի շրջանն ամբողջությամբ եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո։ Մարդն ասում է՝ ես Արցախի համար պատասխանատու չեմ, Հայաստանի համար եմ պատասխանատու։ Հանրության մի մեծ հատվածի համար ականջահաճո բաներ է ասում։ Հիմա հարց եմ տալիս՝ եթե Արցախի համար պատասխանատու չես, ինչո՞ւ էիր այդ փաստաթուղթը ստորագրում, ինչո՞ւ էիր խառնվում Արցախի ներքաղաքական կյանքին։ Հենց առաջին օրը գայիր ու ասեիր, որ գործ չունես Արցախի հետ»,- նշել է Արթուր Վանեցյանը։
Դիտարկմանը, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանություն է արել՝ նշելով, որ ինքը Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ արել է բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ, և դրա պատճառն այն է, որ ինքը բանակցային գործընթացին լավ չի տիրապետում, բացի այդ, ասել է՝ ինչպես կարող էր չստորագրել այդ փաստաթուղթը, բա թողներ, որ զինվորները զոհվեի՞ն, Արթուր Վանեցյանն արձագանքել է՝ իսկ ինչո՞ւ պետք է զինվորները զոհվեին։
«Եթե հասնում ենք դրան, ապա հոկտեմբերի 14-ին նրան առաջարկվել է ստորագրել մի փաստաթուղթ, որը կկանգնեցներ պատերազմը, և այդ ժամանակ թե՛ Շուշին, թե՛ Հադրութը կմնային հայկական։ ՌԴ նախագահը խոսել է այդ մասին, և նրան ոչ ոք չի հերքել։ Հակառակը, մենք անցյալ տարի ԱԺ-ում ականատես եղանք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այսպես, թե այնպես այս վիճակը լինելու էր, գուցե, առանց զոհերի էլ այս նույն վիճակն ունենայինք։ Այդ հայտարարությունից հետո ես որոշեցի, որ էլ ԱԺ չեմ գնալու, փորձելու եմ անել ամեն ինչ, որ նրան հեռացնենք իշխանությունից»,- նշել է Արթուր Վանեցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։