19/04/2023 11:34
Միանշանակ պնդում եմ, որ Փաշինյանը դավաճան է, դա քաղաքական գնահատական է․ Վանեցյան
Ես մինչ օրս էլ շարունակում եմ պայքարել մեր երկիրը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը ավելի անվտանգ դարձնելու համար։ Այդ մասին 168.am-ի հետ հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ մեր երկրի գործող իշխանությունը ձախողել է ամեն ինչ ու բոլոր ոլորտներում։
«Ի՞նչ արեցինք մենք։ Մեր ձեռքբերումներից մեկը, որ մենք կարողացանք հասնել, այն է, որ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց որևէ փաստաթուղթ Ադրբեջանի հետ։ Եթե դա չլիներ, ապա ՀՀ սուվերեն տարածքները, որ Ադրբեջանի կողմից այժմ օկուպացված են, ստորագրված հանձնվելու էին Ադրբեջանին։ Մենք հասանք նրան, որ ՀՀ ղեկավարը չի ստորագրում մի փաստաթուղթ, որով ՀՀ տարածքներ հանձնում է թշնամուն», - նշել է Արթուր Վանեցյանը։
Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ևս մեկ զավեշտալի հայտարարություն է արել, համաձայն որի՝ մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի ԽՍՀ տարածքները, և այդ սահմաններով սահմանագծում ու սահմանազատում իրականացնել։
«Հիմա հարց․ եթե ինքն ասում է ԽՍՀՄ տարածքներ, պարզ է դառնում, որ Արցախը տալիս է Ադրբեջանին։ Իսկ ադրբեջանական «անկլավները», դրա՞նք էլ է տալու։ Տիգրանակե՞րտն էլ է հանձնելու»,- հարց է հնչեցրել Արթուր Վանեցյանը, ապա հավելել, որ չի կասկածում, որ Փաշինյանը կանի դա։
Բայց և այնպես, նշել է նա, հասարակության շրջանում տրամադրությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է՝ չի կարող որևէ բան ստորագրել։
«Ուստի Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իր պլանը՝ ուղղակի առանց ստորագրության։ Առանց փաստաթղթի իրականացվում է դելիմիտացիա ու դեմարկացիա։ Վերջին օրինակը եղավ Տեղ գյուղում։ Ի՞նչ պատահեց, ադրբեջանական զինված ուժերը եկան, զբաղեցրին ՀՀ տարածքներ։ Այդ ո՞նց եկան»,- հարց է հնչեցրել Արթուր Վանեցյանը։
Դիտարկմանը, որ Հանրայինի եթերում ՔՊ-ականները նշել են, որ այդ հարցում թերացել են, Արթուր Վանեցյանն արձագանքել է՝ այս իշխանություններն իրենց հանցագործություններն անում են եթերներով, այսինքն՝ իրենց հանցագործությունների ապացույցներն էլ են միանգամից եթերով հանձնում իրավապահներին։
«Այս մարդիկ ձախողել են, պարտության անիվն իրենց օրոք շարունակում է պտտվել»,- նկատել է նա։
Դիտարկմանը, որ այս ամենում մարդիկ նաև ընդդիմությանը, իրեն են մեղադրում, հատկապես հայտարարության համար, որ Փաշինյանը դավաճան է, Արթուր Վանեցյանն արձագանքել է՝ իր կարծիքը շարունակում է նույնը մնալ։
«Իմ հայտարարություններում բան չի փոխվել։ Միանշանակ պնդում եմ, որ Փաշինյանը դավաճան է, դա քաղաքական գնահատական է, և վստահ եմ, որ քննություն լինի, այդ բոլոր ասվածները հաստատվելու են։ Այսօր դատում են մարդկանց, բոլորին՝ ես եմ մեղավոր, դու ես մեղավոր, բոլոր հայ տղամարդիկ են մեղավոր, դասալիքներ կան, «հինգերորդ շարասյուն կա»։ Բա լավ, դուք ի՞նչ արեցիք։ Բա դուք ո՞վ էիք, դուք էիք որոշողը»,- ասել է նա։