19/04/2023 17:37
Պաշտոնական Ստեփանակերտը դեմ չէ, որ Երևանն ու Բաքուն հարաբերությունները կարգավորեն, բայց եթե ոմանց թվում է, թե դա կարող է լինել ի հաշիվ Արցախի, ապա սխալվում են․ Դավիթ Բաբայան
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն, այո, կարևոր է, բայց դա չի կարող լինել Արցախի լինելիության հաշվին։ Այսինքն՝ դրա գինը չի կարող լինել Արցախը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ շեշտելով` Արցախը չի կարող մանրադրամ դառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունները բարելավելու գործընթացում, դա կբերի աղետի։
«Արցախն ունի իր անփոփոխ և անսասան դիրքորոշումը։ Դա ժողովրդի, հանրության, այդ թվում նաև՝ Արցախի իշխանությունների դիրքորոշումն է, որը շատ հստակ է»,- այս առնչությամբ ասել է Դավիթ Բաբայանը։
Նա նաև ընդգծել է Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և չի լինելու։
«Այո՛, Արցախը եղել է բռնակցված, բայց դա Խորհրդային միության տարիներին էր, երբ մենք Խորհրդային միության մաս էինք կազմում»,- ասել է նա։
Անդրադառնալով երեկ Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն ադրբեջանական կողմի հետ վարած բանակցությունների վերաբերյալ ոչինչ չի թաքցրել Արցախի իշխանություններից, ավելին՝ ամեն բան համաձայնեցրել է նաև արցախյան կողմի հետ, Դավիթ Բաբայանը նշել է. «Ես չգիտեմ, թե նա ում հետ և ինչ է խոսել։ Այո, ես Արցախում զբաղեցրել և շարունակում եմ զբաղեցնել բարձր պաշտոններ։ Այո, պատերազմից հետո ես եղել եմ Արցախի Արտաքին գործերի նախարարը, հիմա էլ՝ նախագահի խորհրդականն եմ, սակայն ինձ ոչ ոք երբեք չի ասել, որ Արցախը հանձնում են։ Եթե անգամ որևէ մեկն ինձ նման բան ասեր՝ ի՞նչ եք կարծում՝ ո՞րը կլիներ իմ պատասխանը…»,- հռետորական հարցադրում է արել Դավիթ Բաբայանը։
Արցախը չպետք է դառնա շահարկումների թեմա, որովհետև բազմաթիվ ուժեր հենց դրան են սպասում, ասել է Բաբայանը. «Պաշտոնական Ստեփանակերտն, իհարկե, դեմ չէ, որպեսզի Երևանն ու Բաքուն իրենց հարաբերությունները կարգավորեն։ Սակայն, եթե ոմանց թվում է, թե դա կարող է լինել ի հաշիվ Արցախի, ապա սխալվում են։ Դրա գինն, ի վերջո, լինելու է ողջ հայության, այսինքն՝ Հայաստանի և Արցախի գոյությունը։ Կա՞ որևէ մեկը, ով պատկերացնում է մի իրավիճակ, մի ապագա կամ մի քարտեզ, որի վրա չեն լինելու Հայաստանն ու Արցախը, որովհետև անմիջապես այն պահից հետո, երբ Արցախը սակարկված կլինի, ամենակարճ ժամանակում չի լինի նաև Հայաստանը։ Սա ուղղակի անհերքելի իրողություն է, որի հետ հաշվի չնստելը կհանգեցնի անվերադարձ և անշտկելի կատաստրոֆայի»։