19/04/2023 11:40
Ցավում եմ բոլոր այն արևմտամետների համար, որ Արևմուտքին վերաբերվում են որպես սրբության սրբոց. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)
Դիտորդին չպետք է շփոթել որևէ այլ բանի հետ, շփոթելը չարակամություն է։ Նրանք, ովքեր կարծում էին, թե դիտորդները գալիս են որպես Հայաստանի իրավունքի պաշտպաններ, սխալվում են։ Դիտորդներին ուղարկող կառույցներն ասել են՝ մենք շահագրգռված ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, իսկ խաղաղություն հնարավոր է երկու կողմի կամքով։ Նրանք, ովքեր փորձում են դիտորդներին ավելին վերագրել կամ ավելին պահանջել, իրականությունը չեն պատկերացնում կամ չարակամ են, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նրա գնահատմամբ՝ ԵՄ դիտորդական առաքելության ժամանումն ակնհայտորեն զգաստացրել է կողմերին։
«Ես ցավում եմ բոլոր այն արևմտամետների համար, որ Արևմուտքին վերաբերվում են որպես սրբության սրբոց, բայց ցավում եմ նաև մարդկանց համար, որոնք փրկչի դերում տեսնում են Ռուսաստանին», - ասել է Հայրկյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի՝ Հաագայի դատարանի որոշումը չիրագործելուն՝ Հայրիկյանն ընդգծում է՝ միջազգային իրավունքը ճգնաժամի մեջ է, բայց կատարողականությունը չի կորցրել. Ադրբեջանն անպայման պատասխան տալու է։
«Հաագայի դատարանը արևմտյան քաղաքակրթության գործիքն է, արևմտյան պետությունները հիմա ոչ միայն զբաղված են, այլ նաև իրենք իրենց խղճի առջև արդար լինելու համար պետք է ընդունեն, որ Հայաստանն իրենց կողմից հանցագործ ճանաչված պուտինյան ռեժիմի դաշնակիցն է, հետևաբար մեր նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը պետք է լինի վերապահումով», - հայտարարել է Հայրիկյանը։