19/04/2023 10:00
«Ժողովուրդ». Փաշինյանը վախենում է, իսկ թե ինչից, միայն նա կիմանա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանում թաքցնել իր սեփական վախերը: Սրա մասին վկայում է նաև երեկվա՝ մեծաթիվ թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ խորհրդարան գալը: Փաշինյանն այս անգամ իսկապես գերազանցել էր ինքն իրեն. նախ՝ նրա՝ երեկվա խորհրդարան գալն աննախադեպ էր նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ վարչապետի մեծաթիվ թիկնապահներ հայտնվել էին ԱԺ դահլիճի ներսում:
Պատմության մեջ չի եղել դեպք, որ վարչապետի թիկնապահը մտնի ԱԺ նիստերի դահլիճ, իսկ Փաշինյանն այս հարցում էլ է որոշել «պատմություն» կերտել: Ֆրակցիաների շարքերից յուրաքանչյուրի վերևում կամ ներքևում նստած էին նրա թիկնապահները և հսկում էին պատգամավորներին:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաև, որ ԱԺ դահլիճ մտնող բոլոր մուտքերի մոտ, բացի ՊՊԾ աշխատակիցներից, կանգնած են նաև Փաշինյանի՝ քաղաքացիական հագուստով, բայց զինված թիկնապահները: Այս աստիճան ուժեղացված անվտանգությունը վկայում է մեկ բանի մասին՝ Փաշինյանը վախենում է, իսկ թե ինչից, միայն նա կիմանա: Փաստացի հեղափոխությունից հետո մետրոներով ու հեծանիվներով շրջող իշխանության ներկայացուցիչներն այլևս առանց թիկնապահների քայլ չեն անում»։