19/04/2023 15:41
Ալեն Սիմոնյանը հրաժարական կտա ու քաղաքականությունից կհեռանա, երբ հասկանա՝ իրենց իշխանությունը տապալել է ՀՀ անվտանգային համակարգը (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ այն պնդումների հետ, որ իրենց իշխանությունը տապալել է ՀՀ անվտանգային համակարգը:
«Մենք միջազգային հարթակներում ու բանակցային առումով բավականին մեծ առաջընթաց ունենք», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Սիմոնյանը նշեց, թե այն պահից, երբ կկարծի, որ իրենք տապալել են անվտանգային համակարգը, դուրս կգա քաղաքականությունից:
«Հրաժարական կտամ, դուրս կգամ քաղաքականությունից, իսկ իմ, ձեր, ընդդիմադիրների կարծիքի մեջտեղը գոյություն ունի ՀՀ ժողովրդի կարծիքը, որը որոշիչ է։ Այն պահից սկսած, երբ իրենք կորոշեն, որ պետք է այլ մարդ ղեկավարի, իրենք կկատարեն իրենց ընտրությունը, փառք Աստծո, իրենք ունեն ընտրելու հնարավորությունը», - ասաց Սիմոնյանը:
Նա վստահեցնում է՝ իրենց իշխանությունը խաղաղություն է բերել, բերում ու խաղաղության ուղղությամբ է աշխատում:
«Գոյություն ունի մեկ դատավոր՝ հայ ժողովուրդն է», - հավելեց ԱԺ նախագահը: