19/04/2023 21:33
«Արագընթաց գնացքով ակադեմիական Աշտարակից եկանք Երևան, վիթխարի սակուրաների սաղարթախիտ հովի տակ թուրքական էժան լոլիկով ձվածեղ կերանք ու մարիխուանայով մախմարի թուրքական չայ խմեցինք»
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը համեմատել է վիրտուալ և իրական Հայաստանները՝ այն Հայաստանը, որն իշխանություններն են ներկայացնում և այն Հայաստանը, որը գոյություն ունի՝ իրականում։
«Իրական Հայաստանում կատաստրոֆա է, իսկ վիրտուալ Հայաստանում՝ հեքիաթային»,- գրել է նա։
«Վիրտուալ Հայաստանում շարունակում ենք հավատարիմ մնալ «խաղաղության օրակարգին»: Վիրտուալ (այսինքն՝ երևակայական Հայաստանում) խաղաղությունը վաղուց եկել է: Այնտեղ թշնամի չկա, «թուրքը մեր ախպերն ա», «Ղարաբաղը թուրքերինն ա միշտ եղել», ամեն ինչի մեղավորն էլ «էն թալանչի նախնիներն են», իսկ եթե «թուրք-ախպերները» կամենան Հայաստանին մի 29.800ք.կմ տարածք թողեն լավ, չթողնեն՝ միևնույն է, մենք մեզ պարտված չենք համարելու և երեսներիս խոզի կաշի քաշած՝ շարունակելու ենք խոսել հեռավոր ինչ-որ գեղում ասֆալտ փռելու թեմայից: Վիրտուալ Հայաստանում խաղաղություն է, իսկ իրական Հայաստանում՝ կորուստ, սուգ, զոհեր, օկուպացիա, շրջափակում, ցեղասպանության վտանգ և խորը հիասթափություն: Հիմա ո՞րն է ավելի լավ, իհարկե՝ վիրտուալ Հայաստանը, ուղղակի պետք է, որ ամեն մարդ իրեն կարողանա դնել հայտնի կենդանու տեղը և չնկատելու տալ ահագնացող սպառնալքները:
Վիրտուալ Հայաստանում գնացել էինք Աշտարակի քարուքռա չոլերը և անմիջապես ընդունվել աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երից մեկը: Նույնիսկ արդեն ԿԳՄՍՆ-ն հիմնական առարկաների ու ֆակուլտետների ցանկերն է մշակել, ուսանողների քանակներն է հստակեցրել, երևի դասաբաշխումներն է արել և այլն: Հետո էլ արագընթաց գնացքով (տրամվայով) ակադեմիական Աշտարակից եկանք Երևան ու վիթխարի սակուրաների սաղարթախիտ հովի տակ թուրքական էժան լոլիկով ձվածեղ կերանք ու մարիխուանայով մախմարի թուրքական չայ խմեցինք: Վիրտուալ Հայաստանում ամեն ինչ շատ հեշտությամբ է արվում և շատ արագ: Էն «նախկինները» չէին ֆայմում՝ իսկական Հայաստան պետության փոխարեն վիրտուալ Հայաստան կառուցեն: Շատ հեշտ է՝ ընդամենը պետք է գեղեցիկ խոսելու, խաբելու, «ֆռռացնելու» և հույսով անելու ձևերը իմանաս, և վերջ: Իսկ իրական Հայաստանում ԲՈՒՀ-եր են փակվում կամ միավորվում, ուսանողներն անընդհատ դժգոհում են, ֆակուլտետներ կան նույնիսկ ուսանող չունեն: Սա գլխացավանք է, իսկ վիրտուալ Հայաստանում ոչ մի գլխացավանք չկա: Դու ասում ես՝ ինչ ուզում ես, մյուսները ծափ են տալիս ու հիանում:
Վիրտուալ Հայաստանում օտարերկրյա ներդրումները էնքան շատ են, որ տնտեսությունն արդեն աղաչում է, որ պետությունը հարկերը շուտ-շուտ հավաքի, որովհետև փողը դնելու տեղ չկա: Կառավարությունն էլ ասում է՝ փող շատ կա, բայց քանի որ մենք խաղաղասեր ենք, մեզ զենք ծախող չկա: Ստիպված փողը աջ ու ձախ մսխում ենք, որ գոնե բյուջեի կատարողական ցույց տանք: Վիրտուալ Հայաստանում գործը կարևոր չէ, կարևորը ճոխ ու տպավորիչ թվերն են ու մարդկանց երևակայությունը: Դրա համար պետք է, որ անընդհատ խոսելու թեմա լինի, միևնույն է, հաջորդ օրը լրիվ մոռացվելու է: Ամեն օր կարող ես տարբեր բաներ խոսել, ու մարդիկ քեզ կհավատան: Թե չէ՝ գործ անելը ընդհանրապես կարևոր չէ: Վիրտուալ Հայաստանում տնտեսությունը շատ հեշտ զարգանում է, իսկ իրական Հայաստանում, հենց փակեն Արևմուտք-ՌԴ ֆինանսական միջնորդավորված հոսքերը, տնտեսությունն Ալենի նման թքելու է փայտիկին:
Վիրտուալ Հայաստանում ունենալու ենք այսպես կոչված՝ չոր նավահանգիստ: Ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, ինչի համար է, բայց բոլորը գոհ ու հպարտ են, որ կունենանք չոր նավահանգիստ: Իրական Հայաստանում նույնիսկ ճանապարհ չունենք սնունդը և դեղորայքը անխոչընդոտ Արցախ հասցնելու համար: Իրական Հայաստանում Լարսը երբ ուզում՝ բացում-փակում են, Գորիս-Կապան ճաապարհը և այլ ճանապարհներ ձեռքներիցս առնում են, իսկ վիրտուալ Հայաստանում իսկական դրախտ է՝ թաց ու չոր նավահանգիստներ, ջրի գնով թռչող ինքնաթիռներ, կոպեկներով աշխատող բեռնափոխադրումներ և այլն:
Վիրտուալ Հայաստանում Աջափնյակի մետրոյի կայարանը օրական սպասարկելու է մոտ 200 հազար ուղևոր, Նոր Նորքի մետրոյի կայարանները դառնալու են տուրիստների ամենասիրելի վայրը, իսկ պետական սոցիալական ծրագրերով երիտասարդ ընտանիքների համար խիստ մատչելի նորակառույց թաղամասերն ուղղակի հիացմունք են առաջացնում: Փոխարենը՝ իրական Հայաստանում սոված է քնում բնակչության ավելի քան 20 %-ը, թմրամոլությունը հանրային վտանգի աստիճանի է հասել, հանցագործությունների թիվը թվաբանական պրոգրեսիայով է աճում, արտագաղթի ծավալները՝ նույնպես: Իրական Հայաստանում ոչ մեկին պետք չէ մետրոյի կայարան և այլ ծրագրեր, որովհետև ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է լինելու վաղը: Իրական Հայաստանում, ի տարբերություն վիրտուալ Հայաստանի, անընդհատ շրջում է նոր պատերազմի ուրվականը:
Իրական Հայաստանի կատաստրոֆան և վիրտուալ Հայաստանի հեքիաթները սկսվեցին այն ժամանակ, երբ Մեֆիստոֆելը գոչեց՝ «քայլ արա մերժիր Սերժին»»,- գրել է Արտակ Զաքարյանը։