19/04/2023 11:44
Ուզո՞ւմ եք՝ մի հատ էլ ռուսերեն ասեմ, կարամ անգլերեն էլ ասեմ. ձեր երկու կոպեկի համար մարդ էլ կսպանեք. Տեղի համայնքապետը՝ խմբակային ծեծկռտուքի մասին
«Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ Տեղ գյուղի բնակիչների համար սպառնալիք է դարձել համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ իր թիմով։ Ըստ հրապարակման՝ երկու օր առաջ Ղուլունցի և համայնքի բնակիչ, 23-ամյա Աշոտ Գալստյանի միջև վիճաբանությունն ավարտվել էր ծեծկռտուքով, երկուստեք թիմակիցներին են կանչել, և խմբակային ծեծկռտուք է եղել։
Բացի այդ, Տեղի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանն էլ հայտարարել է, որ Դավիթ Ղուլունցի մաֆիան իրեն ծեծի է ենթարկել։
«Ես այդ հրապարկումներին ծանոթ չեմ։ Նման բան չկա, Մասիս Զեյնալյանից հարցրեք, եթե ծեծել եմ իրեն, թող դիմի ոստիկանություն։ Էս ինչ պրովոկացիա եք անում։ Օրենք կա, բան կա։ Արդեն ասեցի՝ տեղյակ չեմ, հայերեն լեզվով ասեցի։ Ուզո՞ւմ եք, մի հատ էլ ռուսերեն ասեմ, եթե բան չի, կարամ անգլերեն էլ ասեմ», - Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Դիտարկմանը, թե նյարդային է և ագրեսիվ է պատասխանում հարցերին, Ղուլունցը պատասխանեց.
«Ոչ մի դեպքում, շատ նորմալ խոսում եմ, որովհետև առավոտն ինչ սկսել ա, լրատվականները զանգում են։ Հերիք ա, թողեք մենք աշխատենք, սա քաղաքի համայնք չի, սա սահմանամերձ համայնք ա։ Ձեր երկու կոպեկի համար մարդ էլ կսպանեք, թողեք աշխատենք»։