19/04/2023 22:11
Անձին ձեռքերով անշարժացնելը և դեմքին թքելը խուլիգանության դիսպոզիցիայի տակ մտնող արարք է․ Դանիել Իոաննիսյան
Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու վերաբերյալ հաղորդման հիման վրա վարույթ չնախաձեռնելն ակնհայտ ապօրինի է և քրեական արդարադատության մարմինների կողմից բարձրաստիճան պաշտոնյային քրեական պատասխանատվությունից պաշտպանելու միջոց է, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով:
Դատախազությունը ներկայացված հաղորդումն ուղարկել էր ՔԿ, որտեղ քրեական վարույթ չէին նախաձեռնել։
«Պետք է վարույթը նախաձեռնվի և պարզվի՝ դեպքը եղել է, թե ոչ։ Ըստ էության, վարույթ նախաձեռնելու միակ իրավիճակն այն էր, որ դիմումի մեջ գրվածին գնահատում են, որ ընդհանրապես քրեական օրենսգրքի որևէ հոդվածով արգելված արարք չի էլ կարող պարունակել։ Սա խայտառակություն է, որովհետև անձին ձեռքերով անշարժացնելը և դեմքին թքելը խուլիգանության դիսպոզիցիայի տակ մտնող արարք է, էլ չեմ ասում անձին ակնհայտ ապօրինի բերման ենթարկելը։ Ինչի՞ համար են այդ մարդուն բերման ենթարկել։ Նրա համար, որ իր դեմքին թքե՞լ են, թե՞ որ ԱԺ նախագահին ասել է «դավաճան»։ Քննիչը պարտավոր էր վարույթ հարուցել, քանի որ դիմումում նշված հանգամանքները, այնքանով, որքանով հրապարակված են, Քրեական օրենսգրքով արգելված տարրեր պարունակում են, հետո արդեն վարույթի սահմաններում պետք է պարզել՝ եղել է, չի եղել, ինչի է եղել, ով է արել։ Նախկինում պետք է բացատրություն վերցնեին, գնահատեին՝ հանցակազմ կա, թե ոչ, հիմա այդ փուլը չկա»,- նշել է Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ վարույթ չհարուցելն ակնհայտ ապօրինի է և քրեական արդարադատության մարմինների կողմից բարձրաստիճան պաշտոնյային քրեական պատասխանատվությունից պաշտպանելու միջոց է։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում