19/04/2023 17:52
Կարևորում ենք Չինաստանի հետ բարեկամական և մշակութային հարաբերությունների զարգացումը. Արա Խզմալյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունում մասնակցել է Չինարենի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:
Ապրիլի 18-ը՝ որպես Չինարենի միջազգային օր, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը սահմանել է 2010 թվականին՝ նշանավորելով այն՝ իբրև Ցան Ցզեին հարգանքի տուրք մատուցելու իրադարձություն, որը շուրջ 5000 տարի առաջ ստեղծել է չինական գրերը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհավորելով նշանակալի օրվա առթիվ, փաստել է՝ Հայաստանում օրեցօր ավելի շատ երիտասարդներ են սովորում չինարեն և ուսումնասիրում հնագույն քաղաքակրթություն ունեցող չին ժողովրդի յուրահատուկ և հարուստ մշակույթը, մասնավորաբար՝ համաշխարհային նշանակություն ունեցող գրական ու փիլիսոփայական կոթողները:
«Մենք մեծապես կարևորում ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ավանդական բարեկամական և մշակութային հարաբերությունների զարգացումը: Դրա վառ վկայություններից է հուշագրով ամրագրված թարգմանական ծրագիրը, որն էապես կնպաստի երկու հնագույն գրական ավանդույթներ ունեցող պետությունների կոթողային գրական երկերի փոխադարձ յուրացմանը»,- ասել է Արա Խզմալյանը՝ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով նաև ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝ հայ-չինական փոխհամագործակցությունը մշտապես հագեցած կլինի նոր նախաձեռնություններով, իսկ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերը լավագույնս կնպաստեն բարեկամ երկրների միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Նշենք՝ ներկայում չինարենը գործածությամբ երկրորդ լեզուն է աշխարհում: Ողջ աշխարհում չինարեն է խոսում շուրջ 1,5 միլիարդ մարդ: