19/04/2023 19:30
«Հույս ենք հայտնում, որ Կորեան պատասխանատու մոտեցում կցուցաբերի»․ Ռուսաստանը Սեուլին զգուշացրել է Կիևին զենք մատակարարելու հետևանքների մասին
Հարավային Կորեայում ՌԴ դեսպանությունը զգուշացրել է, որ Սեուլի կողմից Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելը շատ բացասական կանդրադառնա Ռուսաստանի և Կորեայի երկկողմ հարաբերությունների վրա։
«Հարավային Կորեան քաջատեղյակ է Կիևի ռեժիմի «ռազմական հովանավորների» խմբին միանալու և Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու որոշման անխուսափելի բացասական հետևանքների մասին։ Նման քայլը վերջնականապես կքայքայի ռուս-կորեական հարաբերությունները, որոնք կառուցողականորեն զարգացել են վերջին 3 տասնամյակների ընթացքում»,- նշված է Հարավային Կորեայում ՌԴ դեսպանատան մեկնաբանությունում, որը տրամադրվել է կորեական Yonhap գործակալությանը։
Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են նաև, որ իրենք ուշադիր հետևում են այս հարցի շուրջ Կորեայի դիրքորոշմանը, հավելել են, որ մահաբեր զենքի մատակարարման որոշումը բացասական կազդի նաև Կորեական թերակղզու անվտանգության հարցում Մոսկվայի հետ համագործակցության վրա։
«Ուստի հույս ենք հայտնում, որ Կորեայի Հանրապետությունը պատասխանատու մոտեցում կցուցաբերի»,- ընդգծել են ՌԴ դեսպանությունում։
Նշենք, որ ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Reuters-ին տված հարցազրույցում չէր բացառել Սեուլի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը՝ «այն դեպքում, եթե լուրջ վտանգ առաջանա Ուկրաինայի խաղաղ բնակչության համար, կամ եթե կոպտորեն խախտվեն պատերազմի օրենքները»։