19/04/2023 17:15
Շատ ուրախ եմ նվաճածս մեդալի համար, այն երկար սպասված էր. Վազգեն Թևանյան
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վազգեն Թևանյանը չեմպիոնական տիտղոսը երկար սպասված է համարում:
«Շատ ուրախ եմ նվաճածս մեդալի համար, քանի որ այն երկար սպասված էր: Նաև պատճառն այն է, որ 2019 թվականից ի վեր ինձ չէր հաջողվում մասնակցել Եվրոպայի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թևանյանի խոսքերը փոխանցում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ազատ ոճի ըմբիշի կարծիքով՝ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նվաճած մեդալն այլ արժեք ունի: «Նպատակս Օլիմպիական խաղերն են և աշխարհի չեմպիոն դառնալը», - ասել է նա: