19/04/2023 16:37
Երևանում անչափահասը դիտավորյալ վրաերթով սպանություն է կատարել. վերջինիս նկատմամբ տնային կալանք է կիրառվել
Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. ապրիլի 14-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում անհայտ վարորդն իր վարած «Գազ 31105» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 1981թ. ծնված Երևան քաղաքի բնակչին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Ավտոմեքենան հայտնաբերվել էր նշված տարածքին հարակից երկաթգծերի վրա։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել նախաքննություն:
Իրականացված քննչական և վարութային՝ մարտավարական առումով արդյունավետ գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 00:00-ից 00:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Երևան քաղաքի 42-ամյա վերոնշյալ բնակչի և 44-ամյա բնակչի միջև տեղի է ունեցել միջադեպ։ Մասնավորապես՝ հնչեցվել են հայոհոյանքներ, որի ընթացքում 42-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակով մի քանի անգամ կրակել է։ Դրանից հետո 44-ամյա տղամարդու քրոջ որդին՝ 2006թ. ծնված անչափահասը, «Գազ 31105» մակնիշի ավտոմեքենան վարել է 42-ամյա տղամարդու ուղղությամբ, որոշ տարածք հետապնդել և դիտավորյալ վրաերթի ենթարկելով՝ ապօրինաբար կյանքից զրկել նրան։ Ապա, ավտոմեքենան թողնելով մոտակայքում գտնվող գնացքի գծերի վրա, փախել է դեպքի վայրից։
Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթները միացվել են իրար, որով հետագա քննության իրականացումը փոխանցվել է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնին։
Քրեական վարույթով կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճ և չկրակված փամփուշտներ։
Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում 17-ամյա երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։ Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 5մլն դրամի չափով և տնային կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։