19/04/2023 11:49
Հայաստանում թղթային դեղատոմսերի շրջանառությունը մինչև տարվա վերջ բացառվելու է. Անահիտ Ավանեսյան
Թվայնացվել է կենտրոնական գնումներով դուրս գրվող դեղատոմսերի շրջապտույտը, մինչև տարեվերջ բացառավելու է թղթային դեղատոմսերի շրջանառությունը, Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ առողջապահության համակարգի թվայնացումը կարևորագույն կետ է:
«Դա օգնելու է, որ այն բացթողումները, որ ունենք թե՛ վիճակագրական, թե՛ հիվանդությունների կանխարգելման տվյալների մշակման առումով, պետք է այս բարեփոխման արդյունքում շատ ավելի լավ իրականացնենք», - ասաց Ավանեսյանը:
2022 թվականին ստեղծվել են քաղցկեղի, հոգեբուժության և շաքարային դիաբետի ռեգիստրներ, որտեղ տասնյակ հազարավոր քաղաքացիների ամբողջ բժշկական պատմությունն է ամփոփված:
«Ամբողջությամբ թվայնացվել է կենտրոնական գնումներով դուրս գրվող դեղատոմսերի շրջապտույտը: Այս բարեփոխման արդյունքում մենք արդեն 635 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատմոս ունենք: Այս գործընթացը շարունակվելու է. մինչև տարվա վերջ բացառելու ենք թղթային դեղատոմսերի շրջանառությունը», - հավելեց Ավանեսյանը: