19/04/2023 11:25
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու հնարավորության համար այս տարի արդեն 1132 դիմում է ստացվել. Նախարար
2022 թվականին Հայաստանում ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու հնարավորություն ընձեռող ծրագիրը, Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ծրագրի մեջ, հիշեցնենք, ընդգրկվել են նաև պատերազմում զավակ կորցրած մայրերը:
«Եթե անցյալ տարի ունեցել ենք 842 դիմում, այս տարվա միայն առաջին եռամսյակի շրջանակներում արդեն 1132 դիմում ենք ստացել», - նշեց նախարարը:
Հայաստանում մինչև 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 0.2 պրոմիլային կետով, իսկ մինչև 5 տարեկան երեխաներինը՝ 0.6 պրոմիլային կետով:
«Մայրական մահացության ցուցանիշը ևս նվազում է. 2021-ին, ցավոք սրտի, պայմանավորված կորոնավիրուսով՝ ունեինք աճ, քանի որ այդ ընթացքում «Դելտա» շտամը ագրեսիվ էր հղիների նկատմամբ, բայց մենք կարողացել ենք վերադառնալ մինչկորոնավիրուսային մեր ցուցանիշներին, ու 2022 թվականին գրանցվել է 8 մահ», - հավելեց Ավանեսյանը: