19/04/2023 09:43
«Ժողովուրդ». Ընդդիմադիրներն առաջարկում են ժամանակավոր հանձնաժողով ստեղծել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ: Հանձնաժողովն ուսումնասիրելու է պատգամավորների կողմից թույլ տված վարքականոնների խախտման բոլոր դեպքերը:
Տեղեկացանք, որ ընդդիմադիրների այս նախաձեռնության համար հիմք են հանդիսացել, մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ՝ Երևանի կենտրոնում քաղաքացուն վիրավորելու և նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական վարքագիծը, ինչպես նաև փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե 120 հազար արցախցու համար չարժե ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը:
Ահա այս միջադեպերն ուսումնասիրելու հարցով ընդդիմադիրներն առաջարկում են ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովը ստեղծելու նախագիծ ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը. նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է: Ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը ևս սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:
Ըստ նույն օրենքի՝ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, ինչն էլ ենթադրում է, որ ՔՊ-ականները մեծամասնություն են կազմելու ստեղծվելիք հանձնաժողովում: Պարզ չէ՝ իշխող մեծամասնությունն անդամներ ընդհանրապես կտա այդ հանձնաժողովին, թե այն կմնա այդպես էլ չձևավորված»։