19/04/2023 16:47
Ակադեմիական քաղաքի հայեցակարգը կհաստատվի մինչև սեպտեմբեր. Նախարար
Հայաստանում նախատեսվող Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախնական տարբերակը պատրաստ է, այն պետք է հաստատված լինի մինչև սեպտեմբեր, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ակադեմիական քաղաքը երևի թե ամենահավակնոտ, բայց ամենակարևոր ծրագրերից է: Մեր նախնական պատկերացումներով՝ այստեղ կարող են լինել շուրջ 44 հազար ուսանողներ, դասախոսներ: Այսինքն՝ մենք խոսում ենք շատ մասշտաբային մի ծրագրի մասին», - ասաց Անդրեասյանը:
Ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի 3 կլաստերներից:
««Հայֆիլմի» տարածքում պլանավորում ենք արվեստների կլաստերը, Աշտարակի ֆիզիկայի իստիտուտի տարածքում պլանավորում ենք տեխնոլոգիական կլաստերը: Ունենալու ենք նաև երրորդ կլաստերը», - ասաց նախարարը:
Անդրեասյանը կարծում է, որ երրորդ կլաստեր կարող են տեղափոխվել նաև որոշ միջպետական, միջազգային բուհեր:
Քննարկվում է, որ այդ տարածքում կարողանան իրականացնել նաև ազգային ստադիոնի կառուցման ծրագիրը:
«Հայեցակարգի նախնական տարբերակն ունենք, այն պետք է հաստատված լինի մինչև սեպտեմբեր», - հավելեց նախարարը: