19/04/2023 12:58
«Անհարկի կանչը, գուցե, ինչ-որ մեկի կյանքի հաշվին է արվում». նախարարը կոչ է անում չնչին հարցերով չզանգել շտապօգնություն
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խնդրում է չնչին հարցերով չզանգել շտապօգնություն:
Նախարարի խոսքով՝ խնդիր է, երբ կարգավորված չէ, թե որ դեպքերում շտապօգնության «դիսպետչերը» կարող է մերժել կանչը:
«Ստացվում է՝ ցանկացած կանչի պարագայում շտապօգնությունը մեկնում է դեպքի վայր, ունենում ենք կարևոր դեպքերի բացթողում ու անկարևոր դեպքերի սպասարկում», - ասաց Ավանեսյանը:
Այս պահին, ըստ նախարարի, աշխատանքներ են տարվում հստակ ուղեցույցների մշակման ու «դիսպետչերական» կորպուսի վերապատրաստման առումով:
«Ես մեր քաղաքացներին ուզում եմ հիշեցնել՝ ամեն մեկի կողմից անհարկի կանչը, գուցե, ինչ-որ մեկի կյանքի հաշվին է արվում: Ուղղակի ներարկում անելու, ճնշումը իջեցնելու համար հարկ չկա օգտագործել այդ թանկարժեք ծառայությունը», - հավելեց նախարարը: